Աշխարհի ցանկացած երկրում բյուջեն հնարավորություն չի ունենում ընդգրկել բոլոր ցանկությունները. վարչապետ
«Տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ոչ միայն ֆինանսական, այլ քաղաքական առաջնահերթությունների, հնարավորությունների և ցանկությունների հնարավորինս համադրման փաստաթուղթ է: Ինչպես աշխարհի ցանկացած երկրում, Հայաստանի Հանրապետությունում տարեկան պետական բյուջեն երբևէ հնարավորություն չի ունենում ընդգրկել բոլոր ցանկությունները»,- այսօր Ազգային ժողովում ՀՀ 2016 թվականի պետական բյուջե նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ եզրափակիչ իր ելույթում:
Իհարկե, ըստ նրա, կարելի է ունենալ այլ մարտավարություն, ամրագրել տնտեսական աճի շատ հավակնոտ նիշ, իսկ հետո փորձել հիմնավորել, թե ինչու այն հնարավոր չեղավ իրականացնել:
«Հավատացնում եմ Ձեզ, որ հիմնավորումներ, այն էլ այսօր՝ հաշվի առնելով թե համաշխարհային տնտեսական ռիսկերը, թե աշխարհաքաղաքական զարգացումները, որքան ասես հնարավոր կլիներ գտնել»,- ասաց վարչապետը:
Նա նաև խոստովանեց, որ բյուջետային քննարկումների ժամանակ նման մոտեցում ևս քննարկվել է՝ գնալ նման ռիսկի և տնտեսական աճը կանխատեսել ոչ թե իրատեսական 2.2 տոկոս, այլ՝ ավելին:
«Սակայն իմ մոտեցումներն անփոփոխ են՝ իրավիճակի ճշմարիտ, առանց գունազարդումների ներկայացում, միաժամանակ նախանշելով մեր տեսլականն ու առաջնահերթությունները, երկրի կարևորագույն քաղաքական հարթակում հնարավոր զարգացումների վերաբերյալ ունենալ ազնիվ և անկեղծ երկխոսություն ժողովրդի, քաղաքական ուժերի, պատգամավորների հետ»,- նշեց Հ.Աբրահամյանը:
Վարչապետն ասաց, որ 2014թ-ի վերջին տնտեսությունը հայտնվել է տարածաշրջանային նոր զարգացումների ազդեցության ներքո և ներկայիս արտաքին մարտահրավերները ի տարբերություն 2008-2009 թթ-ի մարտահրավերների, իրենց բովանդակությամբ միայն տնտեսական չեն, այլև քաղաքական կամ աշխարհաքաղաքական, իսկ դա նշանակում է, որ դրանք ոչ միշտ են կանխատեսելի և հաշվարկելի:
«Այդ պատճառով ՝ միջազգային հեղիանակավոր կառույցները համարում են, որ աշխարհը՝ հատկապես մեր տարածաշրջանն այսօր ավելի բարդ իրավիճակում է, քան ոչ վաղ անցյալի ֆինանսական ճգնաժամի տարիներին: Այս պայմաններում մենք չունենք այլընտրանք, քան նոր իրավիճակին համահունչ դարձնելու համար ճշգրտումներ մտցնել մեր որդեգրած տնտեսական բարեփոխումներում: Դրա համար մենք կվերանայենք մինչև 2025 թվականը տնտեսության հեռանկարային զարգացման ծրագիրը, որը հաստատվել էր 2014թ-ին»,- նշեց Հ.Աբրահամյանը՝ հավելելով, որ 2016թ-ին կսկսեն այդ ծրագրի համապարփակ, համակողմանի վերանայման գործընթացը՝ դրանում ապահովելով ընդդիմության, քաղաքական ուժերի ակտիվ մասնակցությունը:
Ներկայացնելով այս տարվա տնտեսական զարգացումները՝ վարչապետն ասաց, որ այս տարի արտաքին շոկերն իրական լարվածություն են ստեղծել ՀՀ-ի տնտեսական կայունացման համար:
«Գործընկեր երկրներում արձանագրված տնտեսական անկումը բերել է մեր արտահանման հիմնական շուկաների սպառումների նվազեցմանը, ինչն էապես նվազեցրել է մեր արտահանումը, որն իր հերթին բացասաբար է ազդել տնտեսվարողների եկամուտների վրա»,- հավելեց վարչապետը:
Հ.Աբրահամյանը տեղեկացրեց, որ 2015թ.-ին հունվար-հոկտեմբերին ՌԴ ռուբլով տրանսֆերտների ծավալը թեև աճել է, բայց դոլարային արտահայտությամբ՝ հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը, այն կրճատվել է շուրջ 470 միլիոն դոլարով: Ակնհայտ է, որ այս զարգացումները չէին կարող ազդեցություն չունենալ բնակչության սպառողականության վրա, որի հետևանքով առևտուրը 10 ամիսներին կրճատվել է շուրջ 5 տոկոսով:
«Հոռետեսները ասում էին, որ սա անխուսափելի անկման է հանգեցնելու: Միգուցե այդպես էլ լիներ, եթե չլիներ ռեսուրսների և ջանքերի կենտրոնացումը, կարևոր ծրագրերի և առաջնահերթությունների շեշտադրումը, ոչ ստանդարտ լուծումներ պարունակող կառավարության քայլերը, ինչի արդյունքում 9 ամիսների ընթացքում երկրում գրանցվեց 3.5 տոկոս աճ»,- նշեց Հ.Աբրահամյանը:
Ըստ վարչապետի՝ բոլոր միջազգային կառուցները համակարծիք են՝ տնտեսության նման մարտահրավերների պարագայում կարևոր է հանրային ենթակառուցվածքներում ներդրումներն ավելացնելը՝ բյուջեի դեֆիցիտի ժամանակավոր ավելացման հաշվին:
«Մենք գնացել ենք հենց այդ ճանապարհով և ավելացրել ենք բյուջեի դեֆիցիտը՝ այսպիսով շեշտելով տնտեսական աճ և զբաղվածություն ապահովող ենթակառուցվածքային ծրագրերը»,- ասաց վարչապետը:
Հ.Աբրահամյանն անդրադարձավ նաև ՀՀ կառավարության կողմից վերցվող վարկերի արդյունավետ ծախսի վերաբերյալ հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ են:
«Լսելով նրանց՝ տպավորություն է ստեղծվում, որ երկարատև բանակցությունների արդյունք հանդիսացող վարկային ծրագրերը, որոնք տարիներով մշակվել են, այս կառավարությունը միանգամից նախաձեռնեց ու մեկ-երկու ամսում ստորագրեց: Իրականությունն այլ է՝ այդ վարկերը քննարկվում և համաձայնեցվում են տևական ժամանակ, քանի որ լուծում են տասնամյակների հեռանկարների խնդիրներ»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:
Եզրափակելով խոսքը՝ վարչապետը հայտարարեց, որ կառավարությունն ունի տնտեսական զարգացման իր տեսլականը և ունի քաղաքական կամք՝ այն դարձնելու իրականություն՝ ներառելով հասարակության կառուցողական մոտեցումները. «Վստահ եմ, որ միասին կզարգացնենք ու կշենացնենք մեր երկիրը, մեր Հայաստանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան