Բան Կի Մունի ուղերձը՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը միաձայն ընդունեց 69/323 բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ուղերձ է հղել օրվա առթիվ.
«Այսօր մենք նշում ենք Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Այն համընկնում է 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու պատժելու մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձի հետ:
Այժմ ճիշտ ժամանակն է վերահաստատելու միջազգային այս լուրջ հանցագործությունը կանխելու մեր հանձնառությունը, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին և վերասահմանելու իրավական պաշտպանության միջոցների և փոխհատուցման իրավունքը՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի:
Ցեղասպանության կանխարգելումը ենթադրում է առավել մեծ ուշադրություն դարձնել նախազգուշացնող նշաններին և պատրաստ լինել անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանց դիմակայելու համար: Սա է իմ` «Մարդու իրավունքներն՝ առաջնային ճակատում» նախաձեռնության նպատակը:
Ի վերջո, ցեղասպանությունն հանկարծակի տեղի չի ունենում, այն ժամանակի ընթացքում ծավալվում է: Դա հակամարտության դիպվածային հետևանք չէ, այլ շատ հաճախ համակարգված, ծրագրավորված, հստակորեն թիրախավորված մի երևույթ, որ կարող է տեղի ունենալ նաև ոչ միայն հակամարտության պայմաններում:
Այսօր ամբողջ աշխարհում անհանդուրժողականությունն ու այլատյացությունը վերընթաց աճ են ապրում: Այս վտանգավոր «մենք ընդդեմ նրանց» երևույթի դինամիկան հաճախ չարաշահվում է` արդարացնելու ինքնության տարբեր ձևերի, այդ թվում կրոնի, ազգային պատկանելության կամ այլ ձևերի հիման վրա իրականացվող համայնքների բացառումը և մերժելու աջակցությունը, սահմանափակելու մարդու իրավունքներն ու իրագործելու բռնության դաժան գործողություններ:
Ցեղասպանության կանխարգելումը միջազգային իրավունքով սահմանված յուրօրինակ պարտավորություն է: Սա հստակորեն սահմանվել է Արդարադատության միջազգային դատարանի ու այլ դատական մարմինների կողմից: Կառավարությունները պետք է գործեն ելնելով այս հրամայականից` իրենց ներդրումն ունենալով կանխարգելման ու կանխարգելիչ գործողությունների ձեռնարկման ոլորտում: Միջազգային այս նոր հիշարժան օրվա առթիվ եկե՛ք գիտակցենք առավել միահամուռ աշխատելու անհրաժեշտությունը՝ պաշտպանելով անհատներին մարդու իրավունքների կոպիտ խախտումներից և սատար կանգնելով համայն մարդկությանը»: