Թևան Պողոսյան. Դեկտեմբերի 9-ը պետք է ոչ միայն հիշատակի օր լինի, այլև հանրային իրազեկման
Այս տարի առաջին անգամ դեկտեմբերի 9-ը նշում է որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր:
Մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնված՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը: Հայաստանին միացան և բանաձևը համահեղինակեցին յոթ տասնյակից ավելի պետություններ։
Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ին գլխավոր ասամբելայի կողմից միաձայն ընդունված դեկտեմբերի 9-ը հռչակում է որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»:
Հայաստանյան օրենսդրությունը ՄԱԿ բանաձևին համապատասխանեցնելու հիմնավորմամբ, մի քանի պատգամավորներ, որոնց թվում էր նաև Թևան Պողոսյանը, առաջարկեցին լրացումներ կատարել «Տոների և հիշատակի օրերի» մասին օրենքում: Oրենքի hոդված 15.1-ը սահմանում է. «Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր՝ նշվում է դեկտեմբերի 9-ին»:
Panorama.am-ի հետ զրույցում Թևան Պողոսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է այն Ցեղասպանություններին, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչում են գտել: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը նման բանաձևի ընդունումը կարևորում է հատկապես հանրային իրազեկման ու գիտակցության ձևավորման առումով:
«Աշխարհը գիտակցում է, որ եթե չպատժվի նախկինում կատարված հանցագործությունները, ապա դրանք հնարավորություն ունեն կրկնվել: Քանի որ մենք էլ Ցեղասպանություն աpրած ժողովուրդ ենք, պետք է հարգենք այլ ազգերի զոհերի հիշատակը»,-ասաց նա:
Բացի հիշատակը հարգելուց, ըստ Panorama.am-ի զրուցակցի, անհրաժեշտ է նաև իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք կնպաստեն, որ աշխարհում ավելի բարեկեցիկ կյանք ձևավորվի, մեղավորները պատժվեն և նմանատիպ դեպքերը չկրկնվեն:
«Հայաստանը պետք է նշի դեկտեմբերի 9-ը ոչ միայն որպես սիմվոլիկ օր, այլև տարբեր միջոցառումներ ու հանդիպումներ կազմակերպի, հնարավորությունը օգտագործի՝ աշխարհին ներկայացնելու կատարվածի մասին ավելի մանրամասն տեղեկություններ»,-ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Այդ նախաձեռնությունը ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի մեր հանձնառության կարևոր ձեռքբերումներից էր. ՀՀ նախագահ
- ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ին կոգեկոչի բոլոր ցեղասպանությունների զոհերին. Սասունյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին