Ազգային ժողովն ընդունեց 2016 թվականի պետական բյուջեն
Ազգային ժողովն այսօր քվեարկությամբ ընդունեց ՀՀ 2016թ. պետական բյուջեն: Գլխավոր ֆինանսական փաստաթղթին կողմ քվեարկեց 97, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 3 պատգամավոր: ԱԺ-ն ծափահարություններով ընդունեց պետական բյուջեի նախագիծը:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով հայտարարեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու քվեարկությանը:
«Մեր գնահատականը բյուջեին հայտնի է, աննախադեպ համեստ ցուցանիշներ են: Այս դեպքում, երբ կարևոր է դառնում կառավարման արդյունավետությունը կտրուկ, որակապես բարձրացնելը և քանի որ լինելու են հերոսաբար դեմ ու կողմ քվեարկողներ, մեր խմբակցությունն ուղղակի չի քվեարկի»,- նշեց Վարդանյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց. «Կարծում եմ, որ այստեղ հերոսության դրսևորման շքահանդես չէ, և «Բարգավաճ Հայաստան»-ը, ոչ թե հերոսաբար, այլ սթափ և պրագմատիկ կողմ է քվեարկում պետական բյուջեի նախագծին»:
Նշենք, որ 2016թ.-ի պետական բյուջեին կողմ քվեարկեցին ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները, «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցությունները քվեարկեցին դեմ, ՀԱԿ-ից ներկա երկու պատգամավորները՝ Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը ևս դեմ քվեարկեցին:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության մյուս պատգամավորները բոյկոտել և չեն մասնակցում ԱԺ նիստերին:
Նշենք, որ 2016թ. բյուջեի նախագծի վերջնական տարբերակում եկամուտները կազմում են 1 տրիլիոն 186.3 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 377 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 197 միլիարդ դրամ: Տնտեսական աճը՝ 2.2 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան