Հրահրո՞ւմ էր, թե՞ այդպիսով Ադրբեջանը խուսափում է նախագահների հանդիպումից
Ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ օրերս հայ օգտատերերի ու մասնավորապես, Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից տարածված տեսանյութը հրահրել է ադրբեջանական կողմին, և վերջինները սահմանին տանկ են կիրառել:
Նշենք, որ օրերս համացանցում տարածվեց տեսանյութ, ինչպես նաև լուսանկարներ, որոնց հեղինակ ռեժիսոր Արշակ Զաքարյանը հայտարարում էր, որ «հայկական զինված ուժերը ջախջախիչ հարված են հասցրել հակառակորդին»:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Սերգեյ Մինասյանը փաստում է, որ ադրբեջանական կողմից սահմանին էսկալացիան շարունակվում է և ինչպես նախորդ տարիների ընթացքում, այնպես էլ հիմա այդ երկիրը շարունակում է ավելացնել զենքերի, զինամթերքի, չօգտագործվող զինատեսակների և քանակը, և որակը:
«Չեմ բացառում, որ կատարվածը որոշ չափով պատասխան է այն կադրերին կամ այն գործողություններին, որոնք հայկական կողմն է անում: Այս առումով չեմ կարծում, որ ճիշտ էր պաշտպանության նախարարության կամ հայ օգտատերերի կողմից հրապարակել այդ կադրերը և ըստ էության, դառնալ ադբեջանցի», -նկատեց Սերգեյ Մինասյանը:
Նրա համար անհասկանալի է` ինչու է Հայաստանի պաշտպանության նախարարությունը գործում Ադրբեջանի ՊՆ-ի նման:
«Դա երևի թե ճիշտ չէ, քանի որ դա միայն զայրացնում է, որովհետև նրանք առանց այն էլ ունեն պարտվածի բարդույթ ու անում են էսկալացիա: Ես չեմ ասում, որ ընդհանրապես չպետք է արձագանքել նրանց գործողություններին, ոչ, հակառակը պետք է պատասխանել, բայց արդյոք պետք է անել նույնը, ինչ իրենք են անում», -հավելեց ռազմական փորձագետը:
Բացի այդ, ըստ Մինասյանի, Ադրբեջանը այժմ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում է գտնվում և նման քայլերը պայմանավորված են նաև այդ հանգամանքով:
«Ադրբեջանի ռազմական բյուջեն հայտարարվել է, որ կրճատվել է և դա խոսում է այն մասին, որ այդ երկիրը շարունակելու է էսկալացիան, քանի որ դա ամենաարդյունավետ ճանապարհն է հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղել դեպի արտաքին թշնամու գործոնը», -ներկայացրեց փորձագետը:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը համաձայն չէ, որ ադրբեջանցիներին հրահրել է հայկական զինված ուժերի գործողությունների մասին կադրերը, և նրանք որոշել են տանկ գործի դնել սահմանին: Նրա խոսքով, նման կադրեր առաջինը տարածել է ադրբեջանական կողմը` հայտարարելով, որ հայերը մեծ թվով զոհեր են տվել:
«Հայկական կողմը այդպիսով ցույց է տալիս, որ նման գործողությունները միակողմանի չեն: Մեղադրել ՊՆ-ին նման գործողությունների համար, ճիշտ չէ: Իրավիճակը սրողը Ադրբեջանն է», -հավելեց Մելիք-Շահնազարյանը:
Այդուհանդերձ, քաղաքագետը վստահ է, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ ղարաբաղյանհիմնախնդրի լուծմանն ուղղված քայլեր կիրառել ու ավելին, նման քայլերով փորձում է վիժեցնել առաջիկայում սպասվող Սարգսյան-Ալիև ավելի վաղ հայտարարված հանդիպումը:
«Գիտենք, որ շուտով տեղի է ունենալու նախագահների հանդիպումը, և Ադրբեջանը նման քայլերով փորձում է սրել իրավիճակը, խուսափել հերթական հանդիպումից: Սա ընդամենը քաղաքական օրակարգը փոխելու փորձ է Ալիևի իշխանությունների կողմից: Փաստացի նրանք այդ քայլերին են դիմում», -հավելեց քաղաքագետը: