Սկսվել է քաղաքական դաշտի վերադասավորումների փուլը. քաղաքագետ
Այժմ՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո, առաջնային հարցերից մեկը քաղաքական դաշտի վերադասավորումներն են, կուսակցություններն արդեն իսկ ակտիվորեն պատրաստվում են առաջիկ խորհրդարանական ընտրություններին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Նրա խոսքով, կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում խորհրդարանական ընտրությունների դերն ավելի մեծ է լինելու, քանի որ ձևավորելու է կառավարությունը:
Անցումային փուլում, ըստ քաղաքագետի, կլինեն ներխորհրդարանական քննարկումներ նոր «Ընտրական օրենսգրքի» շուրջ, որը պետք է ընդունվի ձայների բացարձակ մեծամասնությամբ:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա միասնական հանդես գալ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, քաղաքագետն ասաց, որ հայաստանյան ընտրությունների պատմությունը ցույց է տալիս, որ նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը միշտ փորձում է միասնական ճակատով հանդես գալ, այլ հարց է ստացվում է, թե ոնց: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Ա.Մարգարովի խոսքով, փորձում են առանձին հանդես գալ կամ փոքր կոալիցիաներով:
«Ընտրություններին կարող են հանդես գալ միասնական ճակատով, ձևավորել կոալիցիա ու ավելի շատ ձայն ստանալ, կամ հանդես գալ առանձին ուժերով՝ հաշվի առնելով բողոքող ընտրազանգվածին»,- նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով, սահմանադրության փոփոխություններին «ոչ» ասող քաղաքացիների մի զանգված այդպես իր բողոքն էր արտահայտել իշխանություններին, այլ ոչ թե փոփոխությունների բովանդակությանը:
«Ընդդիմությունը կկարողանա՞ մոբիլիզացնել այդ ընտրազանգվածը ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստանալ նրանց քվեն, հենց ընդդիմության գործն է լինելու»,- ասաց Ա.Մարգարովը: