Մարտական գործողություններին մասնակցող զինվորը, որը վտանգում է կյանքը, համալիր առավելություններ պետք է ստանա. Բագրատյան
Ազգային ժողովում այսօր «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման շամանակ ՀԱԿ խմբակցության պատագամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում ասաց, որ նման կարգի փոփոխությունները պետք է կատարել որոշակի կոնցեպտի մեջ:
«Փոփոխությունը գուցե լավն է, բայց սա րոպեական է, իր մեջ միայն ֆրագմենտ է պարունակում և չի կարող դիտարկվել, որպես սիստեմ: Ես չեմ հասկանում՝ ոնց է ՊՆ-ն թույլ տվել, որ Սահմանադրության մեջ նման կետեր անցնեն: Օրինակ՝ նա ով այլադավան է, նրան տրվում է իրավունք խուսափել հրազեն կրելուց կամ մարտական գործողություններին մասնակցելուց: Սա ոչ թե սխալ է, այլ պարզապես լյապ է, վրիպակ: Ստացվում է՝ եթե Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ ես, մի վերաբերմունք կա, եթե այլադավան ես, ապա կյանքին չսպառնացող, ըստ երևույթին, ավելի լավ վերաբերմունք կա»,- նկատեց Հ.Բագրատյանը:
Պատգամավորը նշեց, որ իր խորին համոզմամբ՝ մարտական գործողություններին մասնակցող զինվորը, որը վտանգում է կյանքը, համալիր առավելություններ պետք է ստանա, և կենսաթոշակը դրանցից մեկն է:
«Սա լավ որոշում է, եթե դա վերաբերում է պայմանագրային զինծառայողներին, բայց ի՞նչ է ստանում այդ դեպքում 18-20 տարեկան հասարակ զինվորը, երբ վտանգում է իր կյանքը: 43 տարի հետո նա պիտի թոշակ ստանա: Թե ինչ կմնա այդ ժամանակ, անհասկանալի է: Այնպես որ, ես սա դիտարկում եմ որպես ֆրագմենտալ լուծում, թող լինի այս նախագիծը, սակայն երբ վաղը մենք մոտենանք համակարգային լուծման, կհասկանանք, որ այս ֆրագմենտային լուծումը խանգարում է»,- ընդգծեց Հրանտ Բագրատյանը:
Նա հիշեցրեց, որ երեկ ևս մեկ զոհ ենք ունեցել սահմանին՝ այս անգամ էլ ավելի մեծ տրամաչափի զինամթերքի կիրառմամբ. «Ուստի կոչ եմ անում, որ այս հարցերը ավելի լուրջ ու խորը լուծումներ ստանան»:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է կրկնակի ստաժ նշանակել հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության իրականացնող սպաներին ու պայմանագրային զինծառայողներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին