Դավիթ Բաբայան. Սա ահաբեկչություն է
Սա ահաբեկչություն է, ուրիշ որևէ կերպ այն որակել չի կարելի: Որպես պետություն նրանց էությունը ահաբեկչությունն է և ֆաշիզմը: Անդրադառնալով ադրբեջանական կողմից առաջին անգամ հրասայլից (տանկ) ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերի արկակոծմանը «Panorama.am»-ի հետ զրույցում նշել է Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ այդ հարվածը որևէ կերպ չի ահաբեկել հայկական կողմին:
«Տանկով իրականացրած այս հարվածը առաջինն էր 1994թ. զինադադարի կնքումից հետո: Սա նոր ահաբեկչության ձև է այն էլ այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները ահաբեկչության դեմ պայքար են մղում: Եվ փաստորեն նման ձևով զինադադարի ռեժիմի խախտումը ոչ այլ ինչ է քան արհամարհանքի դրսևորում և՛ միջնորդ երկրների, և՛ միջազգային հանրության նկատմամբ»,- նշեց Բաբայանը:
Անդրադառնալով ԵԽԽՎ կողմից ադրբեջանամետ զեկույցներին սատարելուն և այն հարցին, արդյոք դրանք նպաստո՞ւմ են Ադրբեջանի՝ զինադադարի խախտման նմանատիպ գործողություններին Բաբայանը նշեց, որ առանց այդ զեկույցների էլ Ադրբեջանը դիմելու էր այսպիսի քայլերի:
«Պարզապես նման զեկույցներին սատարելը ԵԽԽՎ և մնացած այլ կազմակերպությունների կողմից, խայտառակություն է: Սա հարված է ժողովրդավարական արժեքներին: Սա օգնություն է ահաբեկչական կազմավորմանը, որն այս դեպքում պետության ձևով է հանդես գալիս: Սա ժողովրդավարական արժեքներ պահպանող կազմակերպության կողմից ժողովրդավարական արժեքներին ամենամեծ հարվածն է»,- նշեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը:
Բաբայանի կարծիքով՝ ադրբեջանական կողմի այս քայլերին միակ պատասխանը ուժն է:
«Ագրեսորին զսպելու միակ միջոցը ուժի լեզվով պատասխան տալն է»,- նշեց նա և հավելեց, որ ուժով պատասխան պետք է տալ ցանկացած ագրեսորի, ահաբեկչական խմբավորման կամ ֆաշիստական կազմավորման:
«Նրանք հասկանում են միայն ուժի լեզուն»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանային լարվածության աստիճանը հասել է գագաթնակետին. Սեյրան Օհանյան
- Հրահրո՞ւմ էր, թե՞ այդպիսով Ադրբեջանը խուսափում է նախագահների հանդիպումից
- ԼՂՀ ԱԳ նախարարը ԱՄՆ-ում հանդիպումների ընթացքում քննարկել է շփման գծում Ադրբեջանի սադրանքների աճի հետ կապված հարցեր
- Հակառակորդը կրակել է տանկից. կա զոհ
- Հակառակորդն այս փուլում լարվածությունն ամեն գնով պահելու խնդիր ունի՝ նույնիսկ կորուստների. Քաղաքագետ