«Ռոբոտների կորպորացիան» և Ամերիաբանկը ներկայացնում են աշխարհի լավագույն ռոբոտներին Երևանում
Առաջին անգամ տարածաշրջանում բացվեց յուրահատուկ ցուցահանդես` աշխարհի ամենահայտնի ռոբոտների մասնակցությամբ: «Ռոբոտների շքերթ» (Бал роботов) անվանումը կրող նախագիծը Երևանում ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը` Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ:
Բացման հանդիսավոր արարողության ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայրենական ռոբոտատեխնիկայի ոլորտում իրենց ավանդն ունեցած ներկայացուցիչներ, արվեստի և մշակույթի գործիչներ, ինչպես նաև «Ամերիա» ընկերությունների խմբի անձնակազմը:
Միջոցառմանը հյուր երեխաներին իր կատարումով ողջունեց «Մանկական եվրատեսիլ-2015» երգի մրցույթի երկրորդ մրցանակակիր Միկա Վարոսյանը:
«Ռոբոտների շքերթ»-ը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ ճարտարագիտական մտքի նորույթներին աշխարհի ամենատարբեր ծայրերից բերված ռոբոտների միջոցով: Ներկայացված ռոբոտներն արտացոլում են ռոբոտատեխնիկայի զարգացման վերջին միտումները, արհեստական ինտելեկտը և ռոբոտների ուսուցման համակարգերը:
Նախագծի կարևորագույն խնդիրներից է ուսուցումը, ուստի և դրան հատուկ ուշադրություն է դարձվում նախագծի բոլոր մակարդակներում` մասնակից ռոբոտների ընտրության, ուղեկցվող միջոցառումների, էքսկուրսիաների և այլ հարցերում:
«Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերության տնօրեն Մարինա Լիվաշովան լրագրողների հետ զրույցում նկատեց, որ միջոցառման ֆորմատը շատ հետաքրքիր է՝ իր մեջ ներառելով ուսուցում և զվարճանք:
«Ինժեներական ստեղծագործական տեխնիկան հրաշալի է: Մեզ համար շատ կարևոր է նաև, որ այս ցուցահանդեսից ստացվող հասույթն ուղղվելու է երեխաների բուժմանը: Հույս ունենք, որ «Ամերիբանկի» հետ մեր համագործակցությունը կլինի երկարաժամկետ»,-նշեց «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերության տնօրենը:
«Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն էլ ասաց, որ հիմնական նպատակն է ծանոթացնել նոր ռոբոտներին, նրանց ստեղծման պատմությանը, ինչպես նաև ամբողջ ռոբոռատեխնիկայի ուղղության հետ:
«Այս միջոցառումը բարեգործական հաստիք ունի, հավաքագրված շահույթի մեծ մասը ուղղվելու է լեյկիմեայով հիվանդ երեխաների բուժմանը: Մենք մշտապես այդ ուղղությանը աջակցություն բերել ենք, նախորդ տարիներին կազմակերպած աճուրդների միջոցով: Այս տարի որոշեցինք այս ձևով կազմակերպել, որը որ կլինի և բարեգործական, և ուսուցողական, ինչպես նաև ամանորյա նախաշեմին զվարճանք՝ երեխաների համար»,-նկատեց Ա. Հանեսյանը:
«Երևան մոլի» գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանն էլ հույս հայտնեց, որ շատ մարդիկ կմասնակցեն այս ցուցահանդեսին և հնարավորին չափով կկարողանանք օգնել երեխաներին. «Ողջունում եմ այս նախաձեռնությունը, քանի որ ուղղված է երեխաների առողջությանը: Նախաձեռնության մասին իմանալով պատրաստակամություն հայտնեցինք տրամադրել տարածքը»:
Նշենք, որ ցուցահանդես այցելողները հնարավորություն ունեն անձամբ ծանոթանալ յուրաքանչյուր ռոբոտի հետ, նրանց հետ շփվել, խաղալ, զվարճանալ, լուսանկարվել: Ցուցահանդեսում ներկայացված են Անգլիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Իռլանդիայի և ավելի քան 20 տարբեր երկրների ինտերակտիվ ռոբոտ և հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները:
Ռոբոտների շարքում է անգլիական մարդանման Տեսպիան հանրահայտ ռոբոտը, որն աշխարհում ամենաժամանակակից և էմոցիոնալ ռոբոտներից մեկն է, ինչպես նաև հատուկ թերապիայի առավելությունները կիրառող Պարոն, մատուցող ռոբոտ Յոշան, Ռոբոֆուտբոլը, Ռոբոտ Պինգ-Պոնգը, արդյունաբերական առաջադրանքներ կատարող Բակսթերը:
Սրա հետ մեկտեղ ներկայացված են հայկական ռոբոտոտեխնիկայի լավագույն նմուշները: Ցուցահանդեսի ծրագիրը ներառում է պարող ռոբոտների շոու, կվադրո-կոպտերների գոտի, ռոբոտների լաբորատորիա, Lego ուղեղների գրոհ/ռոբոտների կառուցում, ռոբոտների ծրագրավորում, ռոբոշուկա:
Ցուցահանդեսը կգործի մինչև 2016թ. հունվարի 10-ը (հանգստյան օրեր` 2015թ. դեկտեմբերի 31 և 2016թ. հունվարի 1), «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում: Երեխաների համար նախատեսված են հատուկ սակագներով տոմսեր՝ 2200դր. աշխատանքային օրերին և 3300դր. ոչ աշխատանքային օրերին, իսկ մեծահասակների տոմսերը համապատասխանաբար կլինեն 2900դր. և 3900դր.:
Կլինի նաև հատուկ սակագնային փաթեթ դպրոցական կոլեկտիվ այցերի համար:
«Ռոբոտների շքերթ»-ն առաջին անգամ տեղի է ունեցել Մոսկվայում, 2014թ. և դարձել ամենահաջողված ցուցահանդեսային նախագիծը Ռուսաստանի ողջ պատմության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները