ՊՆ-ն առաջարկում է կրկնապատկել հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող զինվծառայողների ստաժը
Ազգային ժողովն այսօր քննարկման դրեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առաջարկվող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օերնքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է զինծառայողների երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության օրացույցային ստաժի առկայության դեպքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը հաշվարկել որպես զինծառայության կրկնակի ստաժ:
Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ասաց, որ օրենքի նախագծի ընդունման նպատակն է բարձրացնել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների բարոյահոգաբանական վիճակը, ինչպես նաև արժևորել զինծառայողների կողմից անձնահատուկ պայմաններում մարտական ծառայության իրականացումը և բարձրացնել նրանց սոցիալական պաշտպանվածությունը:
«Սա նաև խթանիչ ուժ կհանդիսանա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական և պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար»,- ասաց Արա Նազարյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք օրենքը ազդելո՞ւ է այն մարդկանց վրա, ովքեր հինգ կամ վեց տարի առաջ են ծառայության եղել: Ա.Նազարյանը պատասխանեց, թե օրենքը կիրառվելու է նրանց վրա, ովքեր մինչև 2016թ.-ը պայմանագրային ծառայության կլինեն ու կվաստակեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք: «Սա վերաբերում է բոլոր այն զինծառայողներին, ովքեր շփման գծում մարտական հերթապահություն են իրականացրել»,- ընդգծեց Ա.Նազարյանը:
ԱԺ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ օրինագծի քննարկման շրջանակներում հայտարարեց, որ նախագծի նպատակն է ամրապնդել զինվորական ծառայությունը և այն քաղաքացիները, ովքեր դառնում են զինծառայող, ապա կենսաթոշակային տարիքին անցնելուց նրանց ծառայության ժամկետը կրկանկի է հաշվվելու:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը նկատեց, թե օրենքը դրական է նաև այն պատճառով, որ իր մեջ սոցապահովության տարր է ներառում: Պատգամավորը նաև հարցրեց՝ սա ընթացիկ քա՞յլ է հաջորդ փուլում ավելի լայն կատեգորիա ներառելու համար: Հակոբ Հակոբյանը պատասխանեց, թե իրենք հետևողական պետք է լինեն, որ բոլոր խնդիրներին տան լուծում: «Կարծում եմ՝ բոլորս կլինենք հետևողական, որպեսզի խնդիրներին՝ ըստ մեր հնարավորությունների, կարողանանք լուծում տալ»,- ասաց Հ.Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան