Արծվիկ Մինասյանն առաջարկեց մեխանիզմ գտնել՝ Հյուսիսային Օսեթիայում հայաստանցիների նկատմամբ ապօրինություններին վերջ դնելու համար
Մարդատար ու բեռնատար մեքենաներով Հայաստանից Ռուսաստան գնացող բազմաթիվ հայաստանցիներ Հյուսիսային Կովկասում հանդիպում են խնդիրների: Կառավարության հետ հարց ու պատասխանբի ժամանակ գործադիրի ուշադրությունը հարցի վրա հրավիրեց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ խնդիրը ռուսական կողմի կոռուպցիան է. «Անհարկի կանգնեցնում են մեքենաները, տարբեր պահանջներ են դնում վարորդների առաջ, այդ թվում դրամական»:
Պատգամավորը հետաքրքրվեց, արդյ՞ոք հնարավոր է քննարկել տարբերակ, որ այդ տարածքներում Հայաստանը ունենա ներկայացուցիչներ, որտեղ քաղաքացիները նման դեպքերում կարող են դիմել և աջակցություն ստանալ:
«Հակառակ դեպքում համ քաղաքացիների հիասթափությունն է մեծ լինում, համ տնտեսությանն է վնաս տալիս, բացի այդ էլ, ստացվում է, որ կենսանական նշանակության ճանապարհը դառնում է անարդյունավետ»,-ասաց պատգամավորը:
Պատգամավորի հարցին պատասխանելու համար ԱԺ ամբիոնին մոտեցավ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Պարոն Մինասյան, այսօր կարող եմ Ձեզ ներկայացնել, որ Լարսում խնդիրներ ունեինք, որոնք լուծված են, տրանսպորտային բոլոր խնդիրները լուծված են: Ճանապարհը բաց է, մարդիկ անվտագ անցնում են, բայց մի քիչ դժվարանում եմ պատասխանել օտար երկրի կոռուպցիայի հետ կապված»,-ասաց Բեգլարյանը:
Նրա խոսքով, ստացած ահազանգերն իրենք ներկայացնում են ռուսական կողմին. «Պատասխանը ստանում ենք, որ ամեն ինչ հանձնարարված է, ամեն ինչ կկարգավորված է: Երբ փաստ չունենք, արձանագրված չեն կոնկրետ դեպքեր, որոնք իրավական հետևանքներ ունեն, ես որպես տրանսպորտի նախարար, խոսելու իրավունք էլ չեմ վերապահում: Ահազանգերը շատ ենք եղել, ինչքան ձեզ են զանգել, մեզ էլ են զանգել: Աշխատել ենք մեր կոլեգաների հետ: Բայց մինչև այսօր այդ պետությունում կոնկրետ փաստ չկա, իրենց իրավապահ օրգաններում դա ներկայացված չէ»,-ասաց Բեգլարյանը, ավելացնելով, որ ճանապարհի հետ կապված խնդիր չկա:
Մինասյանը համաձայնեց, որ Վերին Լարսի անցակետի ուղղությամբ իրականացված աշխատանքներն արդյունք տվել են, սակայն խնդիրը Հարավային Օսեթիայի տարածքին է վերաբերում:
«Մեքենաներն անօրինական կանգնեցնում են, ըստ էության, դրամաշորթությամբ են զբաղվում, որոնք մի շարք խնդիրներ են առաջացնում քաղաքացիների համար: Գործող և ընդունված Սահմանդրության համաձայն, պետությունը պարտավոր է հոգ տանել իր քաղաքացիների համար, որտեղ էլ նրանք լինեն»,-ասաց պատգամավորը, առաջարկելով քննարկել մի մեխանիզմ, որը սկսկի աշխատել ու ՀՀ քաղաքացին կարող է ահազանգել, անհրաժեշտության դեպքում նաև փաստել: Նա հույս հայտնեց, որ նման մեխանիզմը կարող է կանխել հակաօրինականությունները, որոնք ցուցաբերվում են այդ տարածքում:
«Մենք բաց ենք յուրաքանչյուր առաջարկի հետ կապված: Հանուն մեր պետության ու քաղաքացու շահի պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի գտնենք դրա լուծումը»,-ասաց նախարարը, ավելացնելով, որ նախարարություն դիմած քաղաքացիները հստակ փաստեր չեն ներկայացնում, որպեսզի պահանջեն կոնկրետ քննություն: