Ռուսաստանում ծննդատանը մահացած կինը հայ է, գլխավոր բժիշկը՝ նույնպես
24-ամյա Յանա Պլակսիյին Տուապսեի շրջանի Կրասնոդարի կենտրոնական հիվանդանոցի ծննդատուն են տեղափոխել դեկտեմբերի 2-ին: Նրա մայրը՝ Մանուշակ Մելքոնյանը «Լայֆնյուզ»-ին պատմել է, որ այդ օրը դուստրը բողոքել է փորի շրջանի սուր ցավերից: Ծննդատուն տեղափոխած կնոջը բժիշկները չեն շտապել բուժօգնություն ցուցաբերել: Հեռախոսով Յանան մորը բողոքել է, որ իրեն ցավազրկող են ներարկել ու գնացել են նրանցից մեկի ծննդյան տոնը նշելու:
«Յանային առավոտյան տեղափոխեցինք հիվանդանոց: Նա լավ տրամադրություն ուներ: Ասաց, որ չանհանգստանամ, արագ կծննդաբերի ու տուն կվերադառնա: Նա բողոքեց, որ փորն ուժեղ է ցավում, շնչառությունը դժվարացել է»,-պատմել է մայրը:
Մանուշակ Մելքոնյանի խոսքով, երբ աղջիկը մոտեցել է բժիշկներին, նրան կոպիտ պատասխանել են՝ ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը, այդ ցավերից դեռ ոչ ոք չի մահացել: Ապա ինչ-որ տեղ են գնացել, կնոջը թողնելով միայնակ:
Հետո պարզվել է, որ կինը փորձել է խոսել իր բժշկի՝ Լարիսա Առաքելովնայի հետ, սակայն չի հաջողվել: Իր մորաքրոջը գրել է, որ վատ է զգում, մահանում է: Այդ հաղորդագրությունից հետո Յանայի հետ կապ հաստատել չեն կարողացել:
«Մենք նրան թաղեցինք չծնված թոռնիկիս հետ միևնույն դագաղում, որի համար արդեն անուն էինք ընտրել՝ Էմիլյա»,-ասել է մայրը:
Մահացած կնոջ ամուսինը համոզված է, որ կինը որևէ պաթոլոգիա չի ունեցել: Վլադիմիր Պլակսիյը վստահեցրել է, որ նրան ծննդատուն են տարել առողջ ու լավ տրամադրությամբ:
«Վերջին անգամ, երբ հեռախոսով խոսեցինք, նա բողոքեց ցավերից: Բայց նա միշտ համակերպվող ու համբերատար էր: Իսկ երբ վերջին անգամ ինձ տեսավ, ձեռքով արեց ու ժպտաց, ասաց, որ կզանգի»,-ասել է ամուսինը:
Վլադիմիրը պատմել է, երբ Յանան հեռախոսազանգերին այլևս չի պատասխանել, ինքը հիվանդանոց է գնացել. «Այնտեղ ոչ ոք ինձ անմիջապես չասաց կատարվածի մասին: Իր բժիշկն ինձ կանչեց իր աշխատասենյակ, ասաց, որ կինս մահացել է: Հետո ոչինչ չեմ հիշում, գիտակցությունս կորցրել եմ»:
Լրատվամիջոցը նշում է, որ դեպքի հաջորդ օրը կլինիկայի գլխավոր բժիշկը նշել է իր տարեդարձը, որին ներկա է եղել բուժանձնակազմը:
«Իմ տարեդարձը դեկտեմբերի 3-ին է, սակայն դա որևէ կապ չունի պատահածի հետ»,-ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վաղինակ Սվազյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում