1965 թվականից հետո առաջին անգամ կվերազինվի Մայր թատրոնը
Վերազինված «Արամ Խաչատրյան» համերգասրահն արդեն ունի նոր ձայնային և լուսային տեխնիկա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սիրունյանը՝ նշելով, որ 80-ական թվականներից հետո առաջին անգամ համերգասրահում կատարվեցին վերազինման աշխատանքներ:
Նա տեղեկացրեց, որ աշխատանքները մեկնարկել էին այս տարվա հունվարին և ավարտվել սեպտեմբերին:
Ռուզան Սիրունյանը թվարկեց, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահի վերազինման շրջանակներում մատակարարվել են հարթակներ՝ նվագախմբի, երգչախմբի, լարային գործիքի և դիրիժորի համար, պրոեկցիոն էկրան, նվագախմբի աթոռներ, նոտաների տակդիրներ, լուսամփոփեր, գործիքների տեղադրման և պահպանման սայլակներ, պարային ծածկույթ, դաշնամուրի տեղափոխման հոլովակներ, մատակարարվել է նաև երկու տեսակի վարագույր: Ամբողջությամբ նորացվել է բեմահարթակը, ամֆիթատրոնը: Սարքավորումները ղեկավարվում են մեկ շարժական վահանակից: Վերանորոգվել է 250 քմ. վերին աշխատանքային հարթակը:
Տեխնիկական վերազինման է պատրաստվում նաև Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: Ներկայումս թատրոնում ընթանում են ապամոնտաժման աշխատանքներ, որոնք կավարտվեն 2016-ի հունվարին:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, Ստեփան Դավթյանն էլ ասաց, որ թատրոնի վերազինման աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերից: Ծրագրի շրջանակներում բեմական մեխանիզացիայի մասով ներդրվելու են դեկորացիոն շարժաձողի, լուսային, պտտվող բեմի և ծխահեռացման համակարգերը: Վերազինման աշխատանքներ են տարվելու նաև ձայնային սարքավորումների մասով:
«1965 թվականից մինչ այսօր թատրոնում վերազինման աշխատանքներ չեն տարվել: Պետության կողմից մշակույթի համար տրամադրվելիք գումարները շատ կարևոր են և արդարացված»,-նշեց Ստեփան Դավթյանը:
ՀՀ մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և « Արթսթեք» ընկերությունների միջև կնքվել է Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման պայմանագիր՝ 7 մլն եվրո գումարի չափով : Իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահի վերազինման պայմանագրի արժեքը կազմել է 2մլն եվրո գումար: Տեխնիակական վերազինման ծրագրերի իրականացումը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2014 թ. հունիսի 4-ի նիստում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում