Լևոն Զուրաբյան. Մեր նպատակն է լինելու Հայաստանում ստեղծել ազնվության բանակ
«Այսօրվա մեր երթը նվիրում ենք այն իրավունքի պահպանմանը, որից միգուցե բխում է մնացած բոլոր իրավունքների պահպանումը. դա սեփական իշխանության ձևավորման իրավունքն է, որը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը»,- Ազատության հրապարակում, նախքան ի պաշտպանություն մարդու իրավունքների երթի մեկնարկը, հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նշենք, որ ամեն տարի ՀԱԿ-ը Մարդու իրավունքների պաշտպանության օրը կազմակեպում է երթ՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների: Այս անգամ երթին միացել է նաև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը:
Լ.Զուրաբյանը նշեց, որ դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը, ոտնահարվել են մարդու բոլոր իրավունքները խտացված կարգով. «Այդ օրը տեղի են ունեցել բռնություններ լրագրողների, դիտորդների, հանձնաժողովի անդամների, վստահված անձանց նկատմամբ: Օրինախախտումները բազմաթիվ էին, համակարգային բնույթի են եղել: Մենք չենք ընդունում հանրաքվեի պաշտոնական արդյունքները, քանի որ ողջ հանրությունը գիտի, որ դեկտեմբերի 6-ին գնացել ու քվեարկել են «ոչ», մյուս օրը արթնացել ու ի զարմանս իրենց պարզել, որ ասել են «այո»»:
Լ. Զուրաբյանն ասաց, որ իրենց նպատակն է լինելու Հայաստանում ստեղծել ազնվության բանակ, քանի որ երկրում ընթացող պայքարը՝ պայքար է ազնվության և խարդախության, չարիքի միջև:
«Մենք ձևավորում ենք ազնվության բանակ, որի առաջին ջոկատները ձևավորվել են դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ: Քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի հետ սկսելու ենք այդ բանակի ձևավորումը: Լուրջ ծրագիր ունենք: Պետք է հասնենք նրան, որ ընտրությունների ժամանակ՝ լինեն արտահերթ, կամ հերթական, ազնվության բանակն ամեն տեղամասում ունենալու է տեսախցիկ, օն-լայն ցուցադրելու է, թե ինչ է կատարվում տեղամասերում: Շատ ռեալիստական ծրագիր է»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Այնուհետև նա հայտարարեց, որ երթը սկսվում է, ապա հավելեց. «Այս երթով հռչակում ենք ազնվության բանակի ստեղծման սկիզբը, այս երթով ազդարարում ենք ազնվության բանակի հաղթանակի սկիզբը»:
Երթն ավարտվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ:
Հարակից հրապարակումներ`
- Ազատության հրապարակից քաղաքացիներ են բերման ենթարկվել
- Արամ Մանուկյան. Աշխարհում կա միայն իրավունք, որը վաստակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում