Լ. Թորոսյան. Անտիբիոտիկները գրիպի դեպքում օգտակար չեն
Գրիպի հիվանդացության մասին այն տվյալները, որ մենք ստանում ենք շաբաթական կտրվածքով, ահազանող չեն:
«Վիճակագրությունը նույնն է, նույնիսկ ավելի քիչ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր: Համաճարակային իրավիճակ ասել հանրապետության համար բացառվում է»,-Panorama.am-ին ասաց ԱՆ հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային և հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նրա խոսքով, դեռևս հոկտեմբերից բոլոր բժշկական հաստատություններում ուժեղացվել են ռեժիմային հարցերը, որոնք վերաբերում են գրիպի կանխարգելմանը՝ «ախտահանում, դիմակաների կիրառում, հիվանդների սպասարկում»:
Թե ինչով է բացատրում գրիպով հիվանդացության նվազումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Լ. Թորոսյանը նախ դիմում է ժողովրդի հայտնի համոզմանը, ինչը դեռևս գիտականորեն ապացուցված չէ. «Ձյունը եկավ, օդը մաքրվում է: Մենք ունեցանք հիվանդացության բարձրացում հոկտեմբերի վերջին նոյեմբերի սկզբին: Նմանատիպ պատկեր մենք ունենում ենք ամեն տարի: Տարվա մեջ սուր շնչառական հիվանդացության երկու պիկ է լինում՝ առաջինը հոկտեմբեր-նոյեմբերին, երբ ջերմաստիճանի կտրուկ տատանում է լինում, մյուսը՝ փետրվար ամսից, երբ հիվանդության անընկալունակության շրջանն ավարտվում է, կա վիտամինային անկում»,-ասաց ԱՆ ներկայացուցիչը:
Նա ընդգծեց, մրսածության գործոնը շնչառական վարակների, բայց ոչ գրիպի, դեպքում առաջին տեղում է. «Պետք է հիշեցնեմ, որ քթահոսությունը, փռշտոցը գրիպին բնորոշ չեն: Գրիպն ընթանում է 39 և բարձր աստիճան ջերմությամբ, մկանային ցավերով: Հիվանդն առանց անկողնու չի կարող բուժվել, իսկ քթահոսությունը ու փռշտոցը բնորոշ են այլ վարակների, որոնք որպես կանոն 4-5 օրվա մեջ անցնում են, դրանք ռինովիրուսներ ու այլ վիրուսներ են»:
Թորոսյանն ասաց, պարտադիր չէ, բոլորի մոտ գրիպը ծանր կերպով ընթանա, դա կախված է մարդու դիմադրողականությունից. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հաճախակի լվանալ ձեռքերը, հագնվել եղանակին համահունչ, հետևել փռշտալու և հազալու կանոններին»:
Մասնագետը խորհուրդ է տալիս ինքնաբուժմամբ չզբաղվել, հակաբիոտիկներ չօգտագործել. «Անտիբիոտիկները գրիպի դեպքում օգտակար չեն, ընդհակառակը, ավելի վատ, դրանք ընկճում են մեր աղիների միկրոֆլորան և թողնում են, որ մնացած հարուցիչներն իրենց սև գործն անեն: Դրա համար ավելի լավ է մեկ անգամ դիմել բժշկական հաստություն, քան զբաղվել ինքնաբուժմամբ, ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանել, և բժշկի, և հիվանդի համար ստեղծել ավելի բարդ պայմաններ»:
Թորոսյանի խոսքով, հայաստանյան ստացիոնար բուժհաստատություններում այսօր հետգրիպային թոքաբորբով բուժվող հիվանդներ չկան. «Դա խոսում է այն մասին, որ առավել մեծ դիմելիություն նկատվում է ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում, ինչը ողջունելի է: Արդեն անհատը գիտակցում է խնդիրը ու առաջին ախտանիշների դեպքում դիմում է բժշկին: Սա առողջապահության համար ավելի ընդունելի է»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ տվյալներով Հայաստանում գրիպով և սուր շնչառական վարակներով ակտիվությունը գտնվում է ցածր մակարդակի վրա. ԱՆ
- Իրանում խոզագրիպի վարակը չի անհանգստացնում Հայաստանի առողջապահության ոլորտի պատասխանատուներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները