Վարչապետը դժգոհեց էկոնոմիկայի, գյուղատնտեսության և արդարադատության նախարարությունների ղեկավարներից
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։
Նրա խոսքերով՝ ներկայումս հանրապետության ագրարային ոլորտում վարվող քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գյուղատնտեսությունում տնտեսվարման ձևերի կատարելագործումը, մասնավորապես, կոոպերատիվների խթանումը: Ըստ նրա՝ Կառավարության գործունեության ծրագրում՝ Գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թթ-ի կայուն զարգացման ռազմավարության շարքում առանձնանում է կոոպերատիվների զարգացումը:
Ս.Կարապետյանը նշեց, որ վերջին տարիներին գյուղատնտեսությունում գրանցված որոշակի դրական տեղաշարժերի հետ մեկտեղ, ոլորտում բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռևս բավականին ցածր է, որի հիմնական պատճառներից մեկը հանրապետության գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են և տնտեսությունների համատեղ գործունեության ձեռնարկումների դանդաղ ընթացքը: Ուստի, ըստ նրա, անհրաժեշտություն է առաջանում տարբեր լծակներով և մեխանիզմներով խթանել համատեղ տնտեսվարման զարգացումը, գյուղատնտեսական կոոպերատիվների կազմակերպման միջոցառումների իրականացումը:
«Կոոպերացիայի տարբեր ձևերի համակարգում իր ուրույն տեղն ունի գյուղատնտեսական կոոպերացիան, որի սկզբունքների արդյունավետ կիրառումն ու օգտագործումը կնպաստի հանրապետության ագրարային ոլորտի խնդիրների հանգուցալուծմանն ու գյուղատնտեսության հետագա զարգացմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ հաշվի առնելով գյուղատնտեսության և գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության առանձնահատկությունները, նրանց յուրահատուկ կազմակերպա-իրավական կառուցվածքն ու սոցիալ-տնտեսական գործառույթները, մշակվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը:
Նախագծի ընդունումից և կիրառումից ակնկալվում է, որ կխթանվի գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը, կբարձրանա գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, տնտեսվարողների մրցունակությունը, երկրի պարենային անվտանգության մակարդակը: Կոոպերատիվների գործունեությունը կնպաստի նաև գյուղական համայնքների զարգացմանը։
Նախագիծը ներկայացնելուց հետո, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Ես իմ դժգոհությունն եմ հայտնում այս օրենքի առումով Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության և Արդարադատության նախարարությունների ղեկավարություններին։ Ես մանրամասն իրենց ասել եմ ու հորդորում եմ կառավարության բոլոր անդամներին, որպեսզի ևս մեկ անգամ գույքագրեն իրենց պարտավորությունները, որպեսզի մենք հետո ավելի տհաճ խոսակցություններ չունենանք»։
Վարչապետը նաև նշեց, որ ավարտվում է ԱԺ հերթական նստաշրջանը, այնինչ, իրենք պետք է դիմեն ԱԺ-ին՝ օրենքը երեք ընթերցմամբ հաստատեն, ինչը, շատ վատ է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան