Դավիթ Ջամալյան. Հնարավոր է այս լարվածությունը հրահրված լինի Թուրքիայի կողմից
«Ադրբեջանական կողմի ձեռագիրն անփոփոխ է՝ կայուն պարբերականությամբ լարվածության օջախներ ստեղծել հայկական պետությունների հետ սահմանի տարբեր հատվածներում: Պետք է իրատես լինել՝ պաշտոնական Բաքվի այս քաղաքականությունը հեռանկարում անփոփոխ է մնալու: Ըստ այդմ՝ պաշտպանական գերատեսչությունը պատրաստ է ցանկացած զարգացումների»,- անդրադառնալով` ադրբեջանական կողմից Արցախի պաշտպանական դիրքերի ուղղությամբ արձակված տանկային կրակոցին, «Panorama.am»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:
Ըստ նախարարի խորհրդականի, հավանական է, որ լարվածության այս հերթական փուլը կարող է հրահրված լինել Թուրքիայի կողմից: Նա նաև փաստեց, որ սահմանային լարվածության անընդհատության պահպանումը նախագահ Ալիևի իշխանության «ոճական առանձնահատկություններից» է:
«Վերջին շրջանում հաճախ կարելի է լսել «հիբրիդային պատերազմ» եզրույթը: Ահա մեր դեմ Ադրբեջանը հենց այդպիսի հիբրիդային պատերազմ է տանում, և սահմանային անընդմեջ լարվածությունն այդ հիբրիդային պատերազմի բաղադրիչներից է»,- նշեց Ջամալյանը:
Հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ սահմանային այս տեսակ լարվածությունը վերածվի լայնածավալ պատերազմական գործողությունների, նախարարի խորհրդականը տվեց բացասական պատասխան:
«Արցախի տարածքի զավթումը բարդագույն, անիրականանալի խնդիր է ադրբեջանական բանակի համար՝ անգամ նրա ներկա սպառազինվածությամբ: Հետևաբար, չեմ կարծում, թե սահմանին առկա լարվածությունը կարող է վերաճել մեծ պատերազմի: Տվյալ դեպքում՝ նոր որակի լարվածություն է ստեղծվում, քանզի խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառումը դառնում է առօրեական մի բան, ինչն անշուշտ մտահոգիչ է»,- ասաց Դ.Ջամալյանը՝ շեշտելով, որ ագրեսիայի ցանկացած դրսևորման դիմաց հակառակորդը պետք է հուժկու հարված ստանա ու ցավոտ կորուստներ կրի:
«Մեր սահմաններին հարաբերական անդորրը կլինի այնքան ավելի երկար, որքան ավելի մեծաթիվ կլինեն հակառակորդի կորուստները: Այս դիրքորոշումը խարսխված է Ադրբեջանի հետ հարաբերությունների կենսափորձի վրա, և սկզբունքորեն նոր չէ: Հավանաբար, նկատած կլինեք, որ տարիներ շարունակ սույն թեմային անդրադառնալիս ես նույն այս տեսակետն եմ արտահատում: Ցավոտ հարվածը թշնամուն զսպելու միակ միջոցն է»,- նկատեց Ջամալյանը:
Անդրադառնալով բանակի ու նրա ղեկավարության դիրքորոշմանը Դ.Ջամալյանը նշեց, որ հայկական երկու պետությունների պաշտպանական գերատեսչության ղեկավարները և բարձրագույն հրամանատարական կազմը համակարծիք են. «Ակտիվ նախաձեռնողականությամբ, թշնամու կամքը կաթվածահարող հանդգնությամբ դրության տերը լինել պետական սահմանին»:
«Ուստի պետք է օրինաչափ համարել այն, որ այս օրերին հակառակորդը ծանր կորուստներ կրեց մեր հարվածներից: Այդպես է լինելու նաև հետայսու. այլ ելք չկա»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը, կրկին չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին