Կայացել է Հայաստանի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունը
Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանի չեմպիոններ են դարձել Հմայակ Աղաջանյանը (57 կգ), Գևորգ Թադևոսյանը (61 կգ), Աշոտ Վելիցյանը (65 կգ), Խաչատուր Պապիկյանը (70 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Ռազմիկ Պողոսյանը (86 կգ) և Շամիր Աթյանը (97 կգ):
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը բավարար է համարում երիտասարդ ըմբիշների ելույթները:
«Տարիքային այս խումբը երիտասարդ մարզիկներին իրենց կարողությունները դրսևորելու ևս մեկ հնարավորություն է տալիս: Լավագույնները կմեկնեն Եվրոպայի առաջնություն: Մասնակիցների քանակն այնքան քիչ էր, որ որոշվեց առաջնությունն անցկացնել մեկ օրում: Դա, իհարկե, շատ ցավալի է: Երիտասարդ ըմբիշների պակաս ունենք, աճող լավ սերունդ չունենք, իսկ դրանում մեծ է մարզադպրոցների մեղքը»,- Բաղդադյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարի լավագույն ըմբիշները դեկտեմբերի 12-26-ը Ծաղկաձորում համատեղ հավաք կանցկացնեն մեծահասակների հավաքականի հետ: Առաջնությունը, որին մասնակցում էր 80 ըմբիշ, նվիրված էր ԽՍՀՄ սպորտի վարպետ Գագիկ Առաքելյանի հիշատակին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան