Որոշ դեղերի թանկացումները պայմանավորված են ձեռք բերման գների բարձրացմամբ. Շաբոյան
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց դեղերի շուկայում իրականացված մշտադիտարկման արդյունքները:
Նրա խոսքերով՝ ՏՄՊՊՀ-ն սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ուսումնասիրություններ է իրականացրել «Նատալի ֆարմ», «Ալֆա ֆարմ», «Վագա ֆարմ», «Ամիկուս» և «Էսկուլապ» ընկերություններում:
«ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել պարզելու՝ արդյոք կան չհիմնավորված գնային բարձրացումներ, թե՝ ոչ: Մեր ուսումնասիրությունների դաշտում են գտնվում խոշոր ընկերությունները, ուստի ուսումնասիրում կատարել ենք դեղ ներկրող առաջին հինգ խոշոր ընկերությունների շրջանում»,- ասաց նա:
Ա.Շաբոյանը նշեց, որ դեղերը շատ են, ուստի Հանձնաժողովը դիտարկումներ է իրականացրել կարևոր դեղերի գծով, այսինքն՝ այն դեղերի, որոնք ընդգրկված են Առողջապահության նախարարության հիմնական դեղերի ցանկում: Դրանք 483 անուն դեղ են:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գնային էական բարձրացումներ են արձանագրվել «Նատալի ֆարմ» և «Ալֆա ֆարմ» ընկերություններում՝ «Դիկլոֆենակ», Ֆոլաթթու ու ևս մի քանի դեղերի գծով:
«Գնային բարձրացումներ են եղել «Նատալի ֆարմ» և «Ալֆա ֆարմ» ընկերությունների մոտ՝ վերը նշված դեղերի մասով, ինչը պայմանավորված է այդ դեղերի ձեռք բերման գների բարձրացմամբ»,- ասաց Ա.Շաբոյանը:
Ըստ նրա՝ մնացած դեղերի գծով էական փոփոխություններ տեղի չեն ունեցել:
«Ուսումնասիրությունները շարունակական բնույթ են կրելու և եթե պարզվի, որ գնային փոփոխությունները տեղի են ունենում տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների հետևանքով, ապա տվյալ ընկերությունները կենթարկվեն խիստ պատասխանատվության»,- ասաց Ա.Շաբոյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին հորդորեց Արտակ Շաբոյանին դեղերի շուկայի նկատմամբ լինել հետևողական:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա