Քարանձավները կսկսվեն օգտագործվել զբոսաշրջային նպատակներով
Գործադիրը հավանություն է տվել զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագրին: Որոշման ընդունումը կնպաստի ընտրված քարանձավների զբոսաշրջային նպատակներով օգտագործմանը: Հայաստանի տարածքում գտնվող բազմաթիվ բարձրարժեք քարանձավները չեն շահագործվում զբոսաշրջության նպատակներով:
Մինչդեռ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ քարանձավները հանդիսանում են կարևորագույն զբոսաշրջային գրավչության օբյեկտ, և դրանց զբոսաշրջային նպատակով օգտագործումը կարող է էապես նպաստել ինչպես դրանց պահպանման խնդիրների լուծմանը, այնպես էլ հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը և մրցունակության բարձրացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ու եկամուտների ավելացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը:
Վարչապետ Աբրահամյանի կարծիքով՝ դա լավ գաղափար է, ուղղակի պետք է հետամուտ լինել այն իրականացնելու համար. «Ես կարծում եմ՝ վերահսկողական ֆունկցիաները պետք է տրամադրվեն քաղաքականությունը մշակող նախարարությանը՝ այսինքն մշակույթի նախարարությանը»:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգում: Առաջարկվում է հստակեցնել ժամկետները, պետական ծառայության մատուցման համար դիմումի ձևերը տեղադրել էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:
Ընդունված որոշման արդյունքում ակնկալվում է, որ հստակ կլինեն կոնկրետ գործողությունների կատարման ժամկետները, դիմումի ձևը հասանելի կլինի դիմումատուի համար և անհրաժեշտություն չի լինի դիմում տրամադրելու պահանջով դիմել լիազոր մարմնին: Որոշման հիմնավորման համաձայն, յուրաքանչյուր դիմումատուի գծով ծախսը կազմում է 13.200 ՀՀ դրամ և առաջարկվող փոփոխություններից հետո ծախսերը կնվազեն 11.000 ՀՀ դրամով կամ 83,33 տոկոսով: