ՀԿ ներկայացուցիչ. Եթե լինի «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, բռնության հետևանքով մահվան դեպքերը կնվազեն
Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակն այսօր ավարտվում է:
Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչ Քրիստինե Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ համաշխարհային այս քարոզարշավը մեկնարկում է նոյեմբերի 25-ին՝ որը կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման օրն է, և ավարտվում է դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրը, երբ նշվում է նաև մարդու իրավունքների միջազգային օրը:
Քարոզարշավի հենց առաջին օրը մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչներ Կասյան-Կոմիտաս փողոցից երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, բաց նամակ են հանձնել վարչապետին ու արդարադատության նախարարին:
«Կոչ ենք անում կոալիցիայի մասնագետներին ու փորձագետներին ներգրավել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի քննարկումներում»,-ասաց Ք. Պետրոսյանը:
Կանանց աջակցման կենտրոնից Նինա Քանքանյանն ասաց, որ 16-օրյակի շրջանակում շատ են խոսում գենդերային բռնության խնդրի մասին, սակայն մի քանի օր անց լրատավամիջոցները լռում են:
«Կուզեի նշել, որ ցանկանում ենք իրազեկումը շարունակել, տարվա ընթացքում մարդկանց տեղեկացնել բռնության խնդիրների մասին»,-ասաց կենտրոնի ներկայացուցիչը:
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ ներկայացուցիչ Մարինե Ադամյանն էլ ցավով նշեց, որ դեռևս իրավական ուժ չի ստացել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրինագիծը. «Մենք համոզված ենք, որ եթե լինի օրենքը, բռնության հետևանքով մահվան դեպքերը կնվազեն: Վերջին 5 տարիների ընթացքում բռնության հետևանքով 30-ից ավելի կին է մահացել, ինչը սարսափելի մեծ թիվ է փոքր երկրի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան