«Կան հաշվարկներ կամ վիճակագրություն, թե 2012թ-ից սկսած որքա՞ն կեղծ դեղ է արտադրվել կամ ներմուծվել ՀՀ»
Հայաստանը միանում է կեղծ բժշկական նշանակության արտադրանքի արտադրության, մատակարարման և իրացման հետևանքով հանրային առողջությանը սպառնացող հանցագործությունների դեմ միջազգային պայքարին: Ազգային ժողովն այսօր քննարկման է դրել 2011 թվականի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային Հայաստանի միանալու հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ կոնվենցիան անդրադառնում է նաև կեղծ փաստաթղթերի, կեղծ փաթեթավորման կամ պիտակավորման ճանապարհով հանրությանը խաբեությամբ ապակողմնորոշելու գործողությունների քրեականացմանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքրվեց, թե կան արդյոք հաշվարկներ կամ վիճակագրություն, թե 2012թ-ից սկսած որքա՞ն կեղծ դեղ է արտադրվել կամ ներմուծվել Հայաստանում:
Փոխնախարարը պատասխանեց, որ դեղերի 85 տոկոսն է ներմուծվում Հայաստան և դրանք օրինական ճանապարհով են ներմուծվում:
«Երկրում արտադրված կեղծ դեղեր էլ չենք հայտնաբերել: 2013-2014 թթ-ին հարուցվել է 151 վարչական վարույթ՝ չգրանցված կամ կեղծ դեղերի առումով, որն ընդհանուր առմամբ՝ կիրառվել է 59 կազմակերպության նկատմամբ: Հայտնաբերվել է շուրջ 170 անվանում չգրանցված դեղ այս 2 տարվա ընթացքում: 2014-ին ունեցել ենք 1 կեղծ դեղի հայտնաբերում 3 դեղատներում՝ Երևանում և Վանաձորում, որի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները»,- ասաց Ս.Խաչատրյանը:
Պատգամավորը նաև հետաքրքվեց, թե կոնվենցիային, որին պետք է միանանք՝ ինչո՞վ է նպաստելու աշխատանքին, ՀՀ օրենսդրությունում փոփոխություններ արվելու են, թե՞ սա ուղղակի միջազգային ավանդույթ է:
Փոխնախարարն ասաց, որ կոնվենցիայի նպատակն է ավելի լավ տեղեկացված լինել այն կազմակերպությունների գործունեության մասին, որոնք այս կամ այն կերպով ներգրավված են կեղծ բժշկական նշանակության արտադրանքի արտադրության մեջ:
«Այսօր մենք այդ տեղեկատվությունը չունենք,կոնվենցիային միանալուց երկրները փոխանակելու են այդ տեղեկատվությունը և հնարավորություն կունենան հասկանալու, թե ով է փորձում գրանցել կամ նույնիսկ առանց գրանցման վաճառել իրենց սարքավորումները Հայաստանի տարածքում: Սա մեզ համար շատ լավ հնարավորություն է նման նման դեպքերը կանխելու համար»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում