Մեր բանակը թույլ չի տալիս, որ Ադրբեջանը բարձր դիրքով մտնի բանակցային սենյակ. Թևան Պողոսյան
Առաջնագծում լարվածություններն ունեն, այսպես ասած, համակարգային խնդրի կամ թնջուկի երևույթ, որտեղ կան Ադրբեջանի ներքին և տարածաշրջանային հարցեր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը շարունակելու է պահպանել մշտական լարված իրավիճակը. «Ամենակարևորն, ըստ իս, այն է, որ Ադրբեջանը բանակցային սենյակում չի կարողանում իր դիրքերը պահպանել, նա նախընտրում է այդ սեղանից հեռանալ և իրավիճակը լարված պահել: Պետք է հպարտությամբ նշեմ՝ մեր բանակը թույլ չի տալիս, որ Ադրբեջանը բարձր դիրքով մտնի բանակցային սենյակ»:
Պատգամավորը նշեց, որ լարվածության մեջ մտնում է նաև Թուրքիայի կողմից Ադրբեջանին խրախուսելը. «Իր վատ վիճակի հետ կապված Թուրքիայի համար Ադրբեջանը լավ միջոց է ուշադրությունն իր վրայից շեղելու համար: Թուրքիայի գործոնն այս հարցում միշտ լինելու է»:
Թևան Պողոսյանը նկատեց, պետք է միջազգային հանրությանը հասկացնել, որ իրենց անգործությունը բերում է լարվածության աճին:
Անդրադառնալով առաջիկայում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանը նա նշեց. «Մինչև հանդիպումը ունենալու ենք սրացումներ, իսկ նրանից հետո էլ կլինեն Ադրբեջանի կողմից ավանդական սրացումները՝ Նոր տարի, հունվարի 6, հունվարի 28»:
Ամփոփելով խոսքը «Ժառանգություն» խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ պետք է գիտակցել, ինչպես էլ իշխանությունները փոխվեն, Արցախի հարցը կախված է Հայաստանի տնտեսությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան