Միասնականություն և համերաշխություն՝ նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում. Լիբանանում ՀՀ դեսպան
Այս այցելությունը տեղի է ունենում Մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, առաջին անգամ միջազգային հանրությունը պաշտոնապես նշել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Այս մասին նշել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը՝ նախօրեին Լիբանանում հավատարմագրված դեսպանների՝ Ջբեյլի «Թռչնոց բույն» հաստատության տարածքում գտնվող «Արամ Բեզիկյանի» անվ. Թանգարան այցի ընթացքում: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Թանգարանը նվիրված Հայոց ցեղասպանությունից փրկված և վերոնշյալ հաստատությունում ապաստան գտած որբերի հիշատակին:
Դեսպանը հավելել է, որ վերջինս Հայաստանի նախաձեռնությունն էր, որի արդյունքում սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանի ընթացքում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի ներկայացրած համապատասխան բանաձևը՝ ուղղված ցեղասպանության ոճրի դեմ միջազգային գործողությունների խթանմանն ու համախմբմանը:
Դեսպանը ընդգծել է, որ ընթացիկ տարվա ընթացքում առաջադեմ մարդկությունը իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին, որը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա նշել է, որ այս տարի նշվում է նաև Օսվենցիմի ազատագրման 70-րդ, Կամբոջայի ցեղասպանության 40-րդ, ինչպես նաև Պոնտոսի հույների, ասորիների և Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունների տարելիցները: Դեսպանի խոսքով՝ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ Դաեշի, Ալ-Նուսրայի, այլ ահաբեկչական խմբավորումների կողմից գործած նմանատիպ հանցագործությունների հանդեպ:
Դեսպան Քոչարյանը թվարկել է այն հիմնական ուղղությունները, որոնց խորհուրդով ընթացիկ տարում ամբողջ աշխարում անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ. դրանք են՝ հարգանքի տուրք նահատակների հիշատակին, երախտագիտություն հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին և միջազգային կառույցներին, միջազգային պայքար և վերածնունդ: Դեսպանը շեշտել է միասնականության և համերաշխության կարևորությունը ապագայում նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում:
Միջոցառման շրջանակներում Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանը ներկաներին փոխանցել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ողջույնները և ներկայացրել մանրամասներ «Թռչնոց բույն» հաստատության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան