8 մլն եվրո գումարի չափով վարկ՝ Նուբարաշենում նոր աղբավայրի շինարարության համար
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին տրամադրում է 8 մլն եվրո գումարի չափով վարկ` ֆինանսավորելու Եվրոպական Միության (ԵՄ) չափանիշներին համապատասխանող կոշտ թափոնների աղբավայրի շինարարությունը Երևանում: Վարկը համաֆինանսավորվում է 8 միլիոն եվրո վարկով Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից և 8 միլիոն եվրո կապիտալ դրամաշնորհով Եվրամիության Հարևանության ներդրումային ծրագրի (ՀՆԾ) կողմից: Այս մասին հայտնում են ՎԶԵԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Նոր աղբավայրը, որը գտնվելու է Նուբարաշենում` քաղաքի կենտրոնից 11 կմ հեռավորության վրա, կհամապատասխանի միջազգային չափանիշներին և կգործի որպես տնտեսապես կայուն միավոր կոշտ թափոնների կառավարման ժամանակակից համակարգերով` ընդգրկելով քաղաքային կոշտ թափոնների հավաքումն ու հեռացումը: Սա կերաշխավորի խոշոր բնապահպանական և սոցիալական օգուտներ Երևանի մոտ 1.1 մլն բնակիչների համար:
Իրավաբանական համաձայնագրերը ստորագրվել են այսօր Երևանում ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՎԶԵԲ-ի միջև:
Սա Հայաստանում երկրորդ ծրագիրն է աղբավայրերի ոլորտում. այն հետևում է Կոտայքի աղբավայրի ծրագրին, որի համաձայնագրերը ստորագրվել են 2014թ: Այս նոր ծրագիրը հաստատում է ՎԶԵԲ-ի հանձնառությունը` աջակցելու կառավարության պլաններին Հայաստանի թափոնների կառավարման համակարգի արդիականացման և այն եվրոպական չափանիշներին հասցնելու հարցերում: Սա ևս մեկ օրինակ կծառայի` բարձրացնելով կոշտ թափոնների կառավարման կարևորության մասին հասարակության իրազեկությունը:
ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն ասել է. «Մենք ուրախ ենք տեսնել Հայաստանում կոշտ թափոնների հերթական ծրագիրը, որը կհանգեցնի քաղաքի բնակիչների և երկրի շրջակա միջավայրի համար զգալի օգուտների: Կոշտ թափոնների կայուն ծառայությունների առավելությունների մասին հանրային իրազեկվածության բարելավումը այս ծրագրի անբաժանելի մաս է, և մենք շարունակելու ենք աշխատել ավելի լավ և առողջ միջավայր ստեղծելու ուղղությամբ: Մենք ակտիվորեն և արդյունավետ կերպով համագործակցում ենք Երևանի քաղաքապետարանի ղեկավարության հետ բազմաթիվ ոլորտներում, ինչը գերազանց արդյունքներ է տալիս թե′ ժողովրդին և թե′ երկրին»:
1992թ. Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 974 մլն եվրո 143 ծրագրերում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 86 տոկոսը մասնավոր հատվածում է արվել: