Քաղաքագետ. Ադրբեջանը ցանկանում է խափանել նախագահների հնարավոր հանդիպումը կամ փոխել օրակարգը
«Ղարաբաղյան պատերազմի վերսկսման հնարավորությունը շատ քիչ է, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ դրան ոչ տնտեսապես, ոչ էլ ռազմական պոտենցիալը կհերիքի: Ալիևն էլ քաղաքական ռեսուրսներ չունի ոչ երկրի ներսում, ոչ տարածաշրջանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակի մասին:
Նրա կարծիքով, վերջին օրերի լարվածության պատճառները երկուսն են. «Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Մշտապես ընտրական գործընթացների ժամանակ Ադրբեջանն ակտիվացնում է իր գործողությունները սահմանին, նպատակը ոչ թե ապակայունացումն է, այլ հետախուզական խնդիրներ է ուզում լուծել, այսինքն ցանկանում է տեսնել, թե ֆորսմաժորային վիճակներում ինչպես է կարողանում հայկական կողմն արձագանքել արտաքին մարտահրավերներին, մոբիլիզացնել ռեսուրսները, արագ արձագանել հարցերին: Երկրորդ պատճառն առաջիկայում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է: Ադրբեջանի իշխանությունները փորձում են հասնել նրան, որ այդ հանդիպումը չկայանա կամ հանդիպման ժամանակ խոսք գնա ոչ թե կարգավորման գործընթացի մասին, այլ սահմանին ստեղծված իրավիճակի վերահսկելիության շրջանակներում տարվեն խոսակցությունները: Այսինքն այդպես ցանկանում են փոխել հանդիպման օրակարգը»:
Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը խուսափում է բանակցային գործընթացից, քանի որ չի տեսնում այդ գործընթացի ժամանակ այնպիսի լուծում, որը կլինի իրեն ձեռնտու:
«Սրելով իրավիճակը՝ ցանկանում է ժամանակ շահել: Ադրբեջանը հասկանում է, որ ռազմական գործողություններով չի հասնի իր նպատակին և կարծում է, որ ժամանակի ընթացքում տարածաշրջանում ինչ-որ բան կփոխվի, իրենց դիրքերն ավելի բարենպաստ կլինեն մեծ պահանջներ ներկայացնելու համար»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա, նման պայմաններում հայկական կողմի պահանջը պետք է ուղղված լինի ոչ թե ԵԱՀԿ ինստիտուտին, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, պահանջը պետք է մեկը լինի՝ ամեն ինչ անել՝ զսպելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, դրա համար անհրաժեշտ մեխանիզմները գտնվում են այդ պետությունների մայրաքաղաքներում:
Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ նախագահների առաջիկա հանդիպումից պետք չէ շատ ակնկալիքներ ունենալ:
«Բանակցային գործընթացն ու իրավիճակը սահմանին վաղուց տարբեր երևույթներ են դարձել: Գետնին այլ բան է տեղի ունենում, բանակացությունների սեղանին՝ այլ, որոնք չեն արտահայտում սահմանին տեղի ունեցող իրադարձությունները: Մի կողմը ցանկանում է իրական բանակցություններ, մյուս կողմն իր քաղաքականությամբ չի նպաստում խնդրի լուծմանը: Հույս կա, որ այդ հանիպումը կնպաստի գոնե լարվածության նվազմանը»,- ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: