Վարչապետ. Բանակցային գործընթացում արձանագրվել է լարվածության աճի միտում
Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում այսօր ոչ միայն էական առաջընթաց չկա խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլև արձանագրվել է լարվածության աճի միտում: Այս մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության (EDS) շուրջ 20 երկրից ժամանած 60 անդամների հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, գործադիր մարմնի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ-ի սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը:
«Հայաստանը և ԼՂ-ն մշտապես կողմ են եղել վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպիսիք են զինադադարի ռեժիմի ամրապնդումը, դիպուկահարների հետ քաշումը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, որոնց շարունակաբար խոչընդոտում է Ադրբեջանը` լիովին արհամարհելով ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններն ու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Ահա թե ինչու մենք շարունակաբար հորդորում ենք միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Ըստ աղբյուրի, վարչապետն անդրադարձել է նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին և նշել, որ փոփոխությունների նախագծով բարձրանում է խորհրդարանի և կառավարության դերը, էապես ավելանում են խորհրդարանական փոքրամասնության լիազորությունները, մեծանում է հասարակության դերակատարությունը պետական կառավարման գործում, ներդրվում են դատական իշխանության, դատավորի անկախությունն ապահովող և երաշխավորող նոր ինստիտուտներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում