Հայաստանին մատակարարվող գազի գինը չի բարձրանա. կանխատեսում են տնտեսագետները
Հայաստանում գազի գինը բարձրացնելու խնդիր կարող չի դրվել և մոտ ժամանակներում էլ չի դրվելու: Նման կարծիք Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն՝ անդրադառնալով մամուլում հրապարակված լուրերին, թե կառավարության հաստատած ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ծրագրում հետաքրքիր կանխատեսում կա ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ: Մասնավորապես, Ռուսաստանի՝ Համաշխարհային առևտրային կազմակերպության անդամության պայմաններից մեկն այն է, որ էներգապաշարների վաճառքը թե ներքին շուկայում, թե ցանկացած արտաքին շուկայում պետք է իրականացվի հավասար շահութաբերությամբ: Այս պայմանը կատարելու դեպքում, ըստ հրապարակման, Ռուսաստանից ներմուծվող գազի գինը կձգտի գազի եվրոպական գներին:
Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում: Ըստ որոշման կից հիմնավորման՝ ծրագրի նատակն է ունենալ էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման տեսլականը, որը նպատակաուղղված կլինի ապահովելու Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ:
Վ.Սաֆարյանի խոսքերով՝ որքան էլ գազի գինը բարձրանա, Հայաստանը պետք է այնպիսի էներգոարտադրող ձեռնարկություններ ունենա, որ հիդրոէլեկտրակայանների տեսակարար կշիռը մեծացնի, որպեսզի հանրապետությունում հնարավորինս էժան էլեկտրաէներգիա արտադրվի:
«Եթե նոր ատոմակայանը կառուցվի, այդ դեպքում ևս մենք էժան էլեկտրաէներգիա կունենանք»,- ասաց նա՝ հավելելով, որ կառավարությունը էժան էլեկտրաէներգիայի արտադրության ճանապարհով պետք է գնա:
Այդ նպատակով, ըստ նրա, նախատեսվում է կառուցել Լոռի բերդ, Շնողի և Մեղրի ՀԷԿ-երը:
«Մեղրի ՀԷԿ-ը կառուցելու են իրանցիները, 15 տարի պետք է շահագործեն, հետո վերադարձնեն Հայաստանին: Սակայն չեմ կարծում, որ դա ճիշտ որոշում էր: Ինչո՞ւ մենք միասին չենք կառուցում, որ համատեղ շահագործենք և մենք էլ հոսանք ունենանք: Դե արի 15 տարի սպասի, որպեսզի Մեղրի ՀԷԿ-ը հետ տան»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:
Նա նաև հայտնեց, որ ներկայումս Հայաստանի փոքր ՀԷԿ-երը տարեկան արտադրում են 600-700 մլն կվտ/ժ էլէներգիա:
Վ.Սաֆարյանը նշեց նաև, որ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն ջրամբարաշինական ծրագրերը. համապատասխան քայլերն են ձեռնարկվում Վեդու, Կապսի, Եղվարդի և Մաստարայի առաջնահերթ ջրամբարաշինական աշխատանքների ուղղությամբ: «Ջրամաբարների կառուցումով կուտակվում է լրացուցիչ ջուր, բարձրանում է ջրապահովվածության մակարդակը, խնայվում է էլեկտաէներգիա»,- ասաց նա:
Panorama.am-ի թղթակցի հաջորդ զրուցակիցը՝ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ չի կարծում, թե Հայաստանի մատակարարվող գազի գինը կբարձրանա: «Կարծում եմ՝ Ռուսաստանը հնարավորության դեպքում կխուսափի նման քայլից»,- ասաց տնտեսագետը: