Շատ ժամանակ քվեարկության ընթացքում խախտումների մասին հաղորդումները կրում են աբստրակտ բնույթ. Կոստանյան
Դեկտեմբերի 6-ին հանրաքվեի քվեարկության ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազությունն ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 460 հաղորդում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գլխավոր դատախազությունում քվեարկության ընթացքում հանցագործությունների գրանցման ու դրանց ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Վահագն Մուրադյանը:
Նրա ներկայացրած տվյալներով, 435 դեպքերի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, 14 դեպքով հարուցվել է քրեական գործ, իսկ 189-ով կայացվել են որոշումներ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շտապեց նկատել, որ ներկայացված տվյալները այս պահի դրությամբ են և դրանք կարող են մի քանի րոպե անց ավելանալ:
«Այս պահի դրությամբ են այս տվյալները և տասնհինգ րոպե հետո մենք կարող ենք ունենալ նոր տվյալներ: Բացի այդ, անընդհատ մեր դատախազները հետաքննության և նախաքննության մարմնի հետ քննարկում են և քրեական գործերի քանակն էլ կարող է փոփոխվել», -հավելեց Կոստանյանը:
Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործերին, ապա ըստ Կոստանյանի, սրանք այն դեպքերն են, երբ կա առերևույթ հանցագործության մասին հաղորդում և դա հիմնավորող փաստեր:
«Շատ ժամանակ քվեարկության ընթացքում խախտումների մասին հաղորդումները կրում են աբստրակտ բնույթ: Նշում են իրավախախտման բնույթը` առանց իդենտիֆիկացնելու անձին, գործողությունը և վայրը», -նկատեց գլխավոր դատախազը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում