38 քրեական գործ է հարուցվել անչափահասների հանդեպ սեռական հանցագործությունների դեպքերով. Արթուր Ղամբարյան
Այս տարվա ընթացքում 38 քրեական գործ է հարուցվել անչափահաս երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքերով, որից 47 տոկոսը ընտանիքի ներսում կատարված սեռական հանցագործություններ են: Հայաստանում ընտանեկան բռնության և երեխաների հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:
«Սա մտահոգություն տեղիք է տալիս, նշանակում է, որ կա խնդիր, որի մասին պետք է բարձրաձայնել, քննարկել, կանխարգելման ուղղությամբ քայլեր ձեռնարկել»,- նշեց նա:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ վերջին տարիներին ավելացել են ընտանիքի ներսում սպանությունների թիվը, Արթուր Ղամբարյանն ասաց, որ այս տարվա ընթացքում ընտանիքի ներսում կատարված սպանությունների դեպքերը դեռևս պետք է ուսումնասիրեն, որից հետո միայն հնարավոր է կատարել եզրահանգումներ:
«Տեսական մակարդակով կարելի է ենթադրել, որ ընտանիքի ներսում կատարված բռնությունները, որոնք պատշաճ արձագանք չեն ստանում պետության կողմից, հետագայում վերածվում են ավելի ծանր հանցագործության: Մեկ հարվածը, առողջության միջին ծանրության վնաս հասցնելը, որն ավարտվում է հաշտությամբ, պետությունը միջամտություն չի ունենում, իմ պատկերացմամբ, վերածվում է ավելի ծանր հանցագործության, այդ թվում նաև սպանության»,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:
Միաժամանակ նա նշեց, որ ընտանեկան բռնությունների դեպքերով քրեական գործ կարելի է հարուցել միայն տուժողի կամ դիմողի բողոքի հիմքի վրա: Սակայն, ըստ նրա, հաճախ լինում են դեպքեր, երբ դիմելուց հետո բռնության զոհը հետ է վերցնում դիմումը, քանի որ հաշտվում է:
«Հաշտվելու պայմաններում օրենքը պահանջում է քրեական գործը կարճել կամ մերժել: Մենք ունենում ենք տվյալներ, որ բռնությունը պարբերական բնույթ է կրում: Նման դեպքերում քրեական գործերը հարուցվում են, որպեսզի պարզվի վնաս հասցնելու հավանականությունը: Սա բացառիկ կարևորություն եմ համարում ընտանեկան բռնության գործերով: Գիտենք, որ մեր իրականության դեպքում ընտանիքում բռնություն է գործադրվում, բայց սպառնալիքի դեպքում կինը կամ երեխան հրաժարվում են դիմում ներկայացնել և հաշտվում են: Հետագայում դա ծնում է ավելի ծանր հանցագործություն: Պետության պարտականությունն է կանխել նման դեպքում ավելի ծանր հանցագործությունները»,- ասաց Ա.Ղամբարյանը:
Նա նաև խոսեց ընտանեկան բռնության դեմ պայքարի համալիր օրենքի բացակայության մասին: Թեև կա օրենքի նախագիծ, բայց արդեն քանի տարի է իր տրամաբանական ավարտին չի հասցվում: Ըստ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, սա իրավական համակարգի բացերից է:
«Թեև կան առանձին օրենքներ, որտեղ ընտանեկան բռնության օրենսդրական բնորոշումը տրվում է, բայց ողջ բլոկը համալիր չի կարգավորում: Այս ոլորտում դատավարական, սոցիալական աջակցության, իրավական պաշտպանության մեխանիզմների համալիր կարգավորման անհրաժեշտություն կա»,- ասաց Արթուր Ղամբարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ն.Դուրյան. Ընտանեկան բռնությունն ու ընտանիքի սոցիալական վիճակն ուղիղ կապ չունեն իրար հետ
- ՀՀ-ում նախորդ տարվա համեմատ ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են. Ն.Դուրյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում