Այդ զենքը մի օր, ինչ-որ մի տեղ պետք է կրակեր. Կոստանյանը` վնասազերծված զինված խմբի գործի մասին
Երևանի Նորք Մարաշ համայնքում վերջերս վնասազերծված զինված խմբավորման վերաբերյալ քրեական գործի նախաքննության գաղտնիությունը թույլ չի տալիս Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հրապարակել, թե ինչ ցուցումներ է տվել գործը հսկող դատախազը:
«Ես ձեռնպահ կմնամ գործի վերաբերյալ մանրամասներ հայտնելուց», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կոստանյանը` պատասխանելով քրեական գործի վերաբերյալ լրագրողի հարցին:
Նա վստահեցրեց, որ դատախազական հսկողությունը քրեական գործի նկատմամբ «պատշաճ է իրականացվում»: Նաև տեղեկացրեց, որ այս գործի շրջանակներում օպերատիվ հետախուզական աշխատանքներ դեռևս իրականացվում են:
«Որոշ մարդկանց թերահավատության համար հիմքեր չեմ տեսնում, որովհետև այդ զենքը մի օր, ինչ-որ մի տեղ պետք է կրակեր: Դա ուղղված կլիներ պետական մարմնին, կոնկրետ անձին կամ անձանց նշանակություն չունի, համենայնդեպս այն որ իրավապահներին հաջողվել է վնասազերծել մի խումբ մարդկանց, ովքեր իրենց տրամադրության տակ ունեն այդ չափի զենք ու զինամթերք, կարծում եմ, որ ցանկացած քաղաքացի պետք է ուրախ լինի, որ մենք ինչ-որ մի ոճրագործությունից զերծ ենք մնացել», -հայտարարեց Կոստանյանը` նկատելով, որ անհավատ լինելու հիմքեր չկան: