Րաֆֆի Հովհաննիսյան. Հաղթանակը գալու է, միայն թվականը չգիտենք
«Այսօր մենք կամքով, հպարտությամբ, իրավատիրությամբ կանգնում ենք միասին, հիշում ենք և պահանջում, բայց ոչ թե անցյալի, այլ մեր ապագայի համար»,- «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» կուսակցության նախագահ, «Նոր Հայաստան» ճակատի քաղխորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ իրենց պայքարը շարունակվում է, թող ոչ մեկը չկասկածի. «Ոչ մեկը հիասթափված չէ, կյանք է, պայքար է: Մեր պայքարը բերելու է հաղթանակ»:
Ր.Հովհաննիսյանի խոսքով, իրենք շարունակելու են իրենց աշխատանքները Երևանում, Հայաստանի քաղաքներում, գյուղերում, ողջ աշխարհում:
«Մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք, որ նույնպես նեցուկ կանգնի ակնհայտորեն արձանագրված հայ ժողովրդի կամարտահայտությանը, կամքի արտացոլանքին՝ պահանջելով այս իշխանության հրաժարականը, զուգահեռաբար ապահովելով անցնցում անցում դեպի նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ լուծում»,- ասաց նա:
Ր.Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօրվանից նստացույցը վերածվում է շուրջօրյա հերթապահության. «24 ժամ մենք լինելու ենք Ազատության հրապարակում: Ժողովրդի իշխանության շտաբը, պետական դրոշը, մենք միասին կմնանք հրապարակում»:
Նա նաև հայտնեց, որ դեկտեմբերի 12-ից սկսած ամեն օր հրապարակում լինելու է ասուլիս, ճեպազրույց, քննարկում, իսկ դեկտեմբերի 16-ից սկսած իրենք այցելելու են տարբեր մարզեր: Առաջինը լինելու են Սյունիքի մարզում:
«Հաղթանակը գալու է, միայն թվականը չգիտենք: Մենք ճանապարհի վրա ենք դեպի հաղթանակ: Մենք պետք է ունենանք իրավական, սահմանադրական հանրապետություն: Մեզ մնում է քայլ առ քայլ, հանդարտ, հանգիստ, հետևողական, միասին գնալ դեպի նոր Հայաստան»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Այսօր մենք կխոսնեք մեր առաջիկա քայլերի մասին». «Նոր Հայաստան»-ի հանրահավաքը մեկնարկեց
- «Որ խաղաք, վերջացնեք, կհավաքեք». Օսիպյանը՝ հանրահավաքի մասնակիցներին