Իրանցի ազդեցիկ հոգևորականի նախազգուշացումն Ադրբեջանի իշխանություններին
«Եթե Ադրբեջանը չհարգի մարդկանց կրոնական իրավունքները, ապա բողոքի ցույցեր և բախումներ կլինեն»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է իրանցի ազդեցիկ հոգևորական այաթոլլահ Մաքարեմ Շիրազին:
Իրանցի ազդեցիկ հոգևորականը, անդրադառնալով նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախմանը, մասնավորապես նշել է. «Ադրբեջանի կրոնական և պետական գործիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում ես միշտ նրանց ասել եմ, որ մեր ցանկությունն այն է, որպեսզի մուսուլմանական, հատկապես՝ հարևան երկրներում կայունություն լինի»:
Շարունակելով խոսքը՝ այաթոլլահ Մաքարեմ Շիրազին հավելել է. «Ադրբեջանի իսլամական պետության պաշտոնյաները պետք է հարգեն մարդկանց կրոնական իրավունքներն ու զգացմունքները, քանի որ, եթե կրոնական հարցերում (հեջաբ, նամազ, սգո ծեսեր) սահմանափակումներ և արգելքներ մտցվեն, ապա դրանք կարող են անկայունության, բողոքի ցույցերի և բախումների պատճառ հանդիսանալ»:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինն էլ իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Նարդարանի դեպքերի առնչությամբ Իրանի դիրքորոշմանը, մասնավորապես պատասխանել է. «Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ ունեցած հանդիպման ժամանակ պահանջել եմ, որպեսզի շիայական դրոշակների հանդեպ իրականացված անհարգալից վերաբերմունքի առնչությամբ իրենց մոտեցումները բարեփոխեն»:
Հավելենք, որ օրերս ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Հոսեյն Ջաբեր Անսարին, անդրադառնալով նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախմանը, մասնավորապես նշել էր. «Իրանի ԱԳ նախարարությունը մոտիկից հետևում է Ադրբեջանական Հանրապետությունում տեղի ունեցած միջադեպի տարբեր ասպեկտներին և այդ երկրի համապատասխան պաշտոնյաների հետ մշտական կապի մեջ է եղել: Տեղի ունեցած երկկողմ խորհրդակցությունների արդյունքում մուսուլմանական ծեսերի անցկացման և սրբավայրերի համար ավելի բարենպաստ միջավայր ստեղծվեց և Սաֆար ամսվա վերջին օրերին Ադրբեջանի մզկիթներում անցկացվեցին սգո արարողությունները»:
Ավելի վաղ Արևելյան Ատրպատական նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլա Մոջթահեդ Շաբեսթարին նախազգուշացրել էր, որ եթե Բաքուն շարունակի ճնշել շիաներին, ապա Իրանի Իսլամական Հանրապետության՝ Ադրբեջանական Հանրապետության հետ ունեցած փոխադարձ հարաբերությունները կվերանայվեն: