Ոսկան Երևանցի-400. Սեմինար, ցուցահանդես, գրքի շնորհանդես՝ Մատենադարանում
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում դեկտեմբերի 15-16-ին տեղի կունենա Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակին նվիրված սեմինար՝ «Ոսկան Երևանցի. ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» թեմայով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Մատենադարանից:
Սեմիարի ընթացքում կբացվի Մատենադարանում պահվող Ոսկան Երևանցու հրատարակությունների ցուցահանդեսը, նաև տեղի կունենա Վարդան Դևրիկյանի «Ոսկան Վարդապետ Երևանցի. կյանքը և տպագրական գործունեությունը» եռալեզու գրքի շնորհանդեսը:
Ոսկան Երևանցի (նաև՝ Ոսկան Ջուղայեցի) ծնվել է 1614 թվականին Նոր Ջուղայում: Նախնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայի ծխատեր քահանայի մոտ, ապա հաճախել Խաչատուր Կեսարացու Ամենափրկիչ վանքի դպրոցը, այնուհետև Երևանում Խաչատուր Կեսարացու և Սիմեոն Ջուղայեցու հետ աշակերտել Մելքիսեդ Վժանեցուն: Մոտ 1634-ին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի հրավերով Նոր Ջուղայից եկել է Էջմիածին, Ուշիի Ս. Սարգիս վանքում նշանակվել վանահայր:
Ոսկան Երևանցին, իր հետ ունենալով Հակոբ Դ Ջուղայեցու հանձնարարականը, 1662-ին մեկնել է Եվրոպա՝ Աստվածաշունչը հայերեն հրատարակելու: Նախ գնացել է Լիվոռնո, ապա՝ Հռոմ, որտեղ ջանացել է Վատիկանից ստանալ Հռոմում կամ Իտալիայի որևէ քաղաքում Աստվածաշունչը տպագրելու թույլտվություն: Սակայն նրա բոլոր ջանքերն ի դերև են անցել, և նա մեկնել է Ամստերդամ, 1664-ի աշնանը ստանձնել Ամստերդամի Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի անվան տպարանի (1660-ին հիմնել էր Մատթեոս Ծարեցին) տնօրինությունն ու ձեռնարկել Աստվածաշնչի տպագրության նախապատրաստական աշխատանքները: Փորագրիչներին պատվիրել է նոտրգիր, նոր տեսակի գլխատառեր և թռչնագրեր, բնագիրը պատրաստել տպագրության ու իր աշակերտներ Կարապետ Անդրիանացու և Օհան Երևանցու հետ սկսել տպագրությունը: Տպագրության համար իբրև հիմք-բնագիր, ամենայն հավանականությամբ, օգտագործել է Կիլիկիայի Հեթում Բ թագավորի անունով հայտնի գրչագիր Աստվածաշունչը, որը գրվել էր 1295-ին՝ Հեթում Բ-ի պատվերով (Մատենադարան, ձեռ. դ 180): Այս բնագիրը Ոսկան Երևանցին խմբագրել է ըստ Վուլգատայի, տպագրության ընթացքում թարգմանել և ավելացրել Հին կտակարանի մի քանի գրքեր, որոնք չեն եղել հայերեն Աստվածաշնչում (և նրա կանոնում):
Ոսկանյան Աստվածաշունչը տպագրվել է 2 տարի 7 ամսում (1666 թ. մարտի 11 – 1668 թ. հոկտեմբեր 13): Տպագրությունը կատարված է վարպետորեն: Անվանաթերթերը կազմված են չորս փայտափորագիր կտորներից, աջ և ձախ զարդանկարների մեջ Հավատ և Հույս խորհրդանշանները ներկայացնող մարդկային կերպարանքներ են: Աստվածաշունչ բառը թռչնագրով է, կազմը՝ կարմիր կաշեպատ, հաստ տախտակից: Գործածված են յոթ տեսակ տպագրատառեր (խոշոր և փոքր զարդագիր, խոշոր և փոքր գլխագիր, խոշոր և փոքր բոլորգիր, Ոսկանի նոտրգիր): Գրեթե բոլոր նկարները գերմանացի Քրիստոֆել վան Զիխեմ կրտսերի փորագրություններն են, որոնք կատարվել են Ռաֆայելի, Ալֆրեդ Դյուրերի, Հենդրիկ Գոլցիուսի և եվրոպական ուրիշ նշանավոր վարպետների հայտնի նկարներից:
Ոսկանյան Աստվածաշունչը համարվում է հայ հին տպագրության լավագույն նմուշներից մեկը։
Ամստերդամում Ո.Երևանցին հրատարակել է 14 անուն գիրք՝ Նոր կտակարան (1668), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» (1669), «Տօնացոյց» (1669), Շարակնոց (1664–65,1669) և այլն: Նա մտադրվել էր Ֆրանսիայի որևէ քաղաքում տպարան հիմնել: Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը տվել է նրան այդ իրավունքը՝ պայմանով, որ հրատարակվելիք գրքերը հակառակ չլինեն կաթոլիկ եկեղեցու դավանանքին: Սակայն Ոսկան Երևանցին չի հաշտվել այն մտքին, որ պետք է «սրբագրվեր» իր Ժամագիրքը, Մաշտոցը՝ «հռոմեական կրոնի վարդապետությանը» հակառակ չերևալու համար: Նա Ֆրանսիայից անցել է Իտալիա, կանգ առել Լիվոռնոյում, այնտեղ տպագրել «Պարտէզ հոգևոր» (1670) և Ռոբերտոս Բելարմինոսի «Վարդապետութիւն քրիստոնէական» (1670) թարգմանական գրքերը: Այստեղ նյութական աջակցություն չգտնելով՝ տպարանը փոխադրել է Մարսել՝ ընկերանալով քահանա Համազասպյանի հետ, որը, սակայն, հետագայում մեծ անախորժություններ է պատճառել նրան: Տեղի կաթոլիկ հոգևոր իշխանությունը Հռոմից կարգադրություն է ստացել հետևել Ոսկան Երևանցու հրատարակություններին: Նրանից պահանջել են հայերեն ու լատիներեն գրված «հավատո դավանության» գրություն և հայտնել, որ գրաքննվելու են նրա տպարանում հրատարակվող գրքերը: Չնայած այդ ամենին, նա որոշել է «Հայաստանեայց եկեղեցու ծեսերուն» հակառակ որևէ բան չտպագրել: Բայց նրա գործընկեր Համազասպյան քահանան այդ մասին տեղեկացրել է իշխանությանը: Սկսվել է գործի քննություն: Ոսկան Երևանցին հուսալքված անկողին է ընկել ու մահացել (1674 թ): Ոսկանյան տպարանը գործել է քառորդ դար: Այդ ընթացքում Ամստերդամում, Լիվոռնոյում, Մարսելում տպագրվել են 40 անուն կրոնաեկեղեցական և աշխարհիկ բարձրորակ տպագրությամբ հայերեն գրքեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա