Ամուսնաընտանեկան վեճերով կատարողական թերթերի քանակական աճ է արձանագրվել
Վերջին մի քանի տարիներին ամուսնաընտանեկան վեճերով դատական ակտերի հարկադիր կատարում պահանջող կատարողական թերթերի քանակական աճ է արձանագրվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարկադիր կատարման ծառայության ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Բարսեղ Ներկարարյանը:
Ըստ նրա, նման ցուցանիշի պատճառներից է նաև ծառայության հանդեպ քաղաքացիների վստահության աճը:
Այս բաժնի հիմնական գործառույթն է՝ ալիմենտի բռնագանձում, երեխաների տեսակցության կազմակերպում, երեխային մի ծնողից մյուսին հանձնում:
Բ. Ներկարարյանի հաղորդած տվյալների համաձայն, եթե 2010-2011 թվականներին ծառայությունում ամուսնաընտանեկան վեճերով կատարման ներկայացման կատարողական թերթերի քանակը չի գերազանցել 700-ը, 2013-2014 թթ. ընթացքում ծառայությունում կատարման է ներկայացվել նշված վեճերին առնչվող 1000-ից ավելի կատարողական թերթ:
Այս տարվա 11 ամիսների ընթացքում ալիմենտային բռնագանձման վերաբերյալ ներկայացվել է կատարման 954 կատարողական թերթ, որից 359-ը՝ Երևանում, երեխաների տեսակցության հետ կապված՝ 94 կատարողական թերթ, որից 35-ը՝ Երևանում, երեխաների հանձնման հետ կապված՝ 7 կատարողական թերթ, որից 4-ը՝ Երևանում:
Նրա խոսքով, ծառայությունում առկա են առանձակի բարդությունների կատարողական վարույթներ, որոնց կատարողական գործողությունների կատարման համար ներգրավվում են հոգեբաններ:
Ասուլիսին ներկա «Ժեստ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Արկադի Մեհրաբյանն ասաց, որ անկախ ամեն ինչից, բոլոր վեճերի ժամանակ ամենաշատը տուժում են երեխաները:
«Շատ հաճախ երեխաները հանդիսանում են որպես գործիք, պատժամիջոց, ծնողները վերաբերվում են երեխաներին որպես միջոց ազդելու մյուս կողմի վրա: Սա անթույլատրելի է: Մեր բոլոր աշխատանքերը միտված են լինում երեխաների շահերը պաշտպանելուն, երեխայի օգտնին հանդես գալուն: Նման վիճակներն առավել ծանր են մարզերում»,- ասաց հոգեբանը:
ՀՀ ԳԱԱ ընտանեկան հոգեբանության դասախոս, հ․գ․թ․ Մարիամ Մեհրաբյանի խոսքով, ծնողներն ունենալով երկխոսության բացակայություն, երեխաներին կանգնեցնում են հետևյալ փաստի առաջ. «Ծնողների կողմից հուզական շանտաժ է լինում: Օրինակ՝ «եթե գնաս մայրիկի մոտ, հայրիկը կկորի, ու դու նրան այլևս չես տեսնի», կամ՝ «եթե գնաս հայրիկի մոտ, մայրիկը կհիվանդանա»: Անառողջ ընտանիքը, որը հայտնվում է հոգեբանական սենյակում, ենթակա է բուժման, բայց լինում են դեպքեր, երբ ընտանիքը ենթակա չէ բուժման, տվյալ մարդը միտված չէ ենթարկվելու հոգեբանական աշխատանքին: Նման դեպքերում մեր խնդիրն է լինում պաշտպանել երեխաներին իրենց իսկ ծնողներից: Եթե ծնողների մոտ գլուխ է բարձրցանում անհամատեղելիությունը, ամուսնալուծվել են, ոչ մի հնար չկա փրկելու ընտանիքը, պետք է հիշեն, որ ունեն ընդհանուր կետ՝ երեխան»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան