Հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենդանաբանական այգում
Թբիլիսիի կենդանաբանական այգում բռկված հրդեհը տարածվել է 80 հա մակերեսով, որտեղ եղել է մեծ քանակությամբ խոտ:
«Հրդեհի բռնկման հստակ պատճառը հայտնի չէ: Տեղում աշխատել է 7 մարտական հաշվարկ, ինչի արդյունքում հաջողվել է հրդեհը մեկուսացնել»,-«Սպուտնիկ Գրուզիա»-ի հաղորդմամբ, նշել են երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել: Կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն ասել է, որ կենդանիներին հաջողվել է փրկել:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենդանաբանական այգին մեծապես տուժել էր այս տարի ամռանը՝ հունիսի 14-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով: Աղետի հետևանքով տուժել էին նաև բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, իսկ կենդանաբանական այգու տարածքը գրեթե ամբողջությամբ ավերվել էր: Այգում պահվող 600 կենդանիներից միայն կեսն էին ողջ մնացել: Մի քանի կենդանիներ, այդ թվում գիշատիչներ հայտնվել էին փողոցում: Մի քանիսին հաջողվեց վերադարձնել այգի, մյուսներին կրակեցին: Այգին մասամբ վերականգնվեց ու աշխատանքը սկսեց սեպտեմբերի կեսերից: