Ռուսական շուկան մեզ համար ավանդական պետք է դարձնենք. Վազգեն Սաֆարյան
Գյուղատնտեսական տարին աննախադեպ բարեհաջող էր, առատություն էր, բայց ցավոք սրտի գյուղացու բերքը չստացվեց ամբողջությամբ իրացնել և սա առաջ բերեց դժգոհություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
«Ինչու՞ խաղողի այդքան առատ բերքը չստացվեց իրացնել: Պատճառն այն էր, որ ռուբլին արժեզրկվել էր դոլարի և դրամի նկատմամբ, մեր գինի և կոնյակ արտադրողները ռուսական շուկայում չէին կարողացել իրացնել նախորդ տարիների արտադրանքը»,-ասաց նա:
Սաֆարյանը հայտնեց, որ իրենց ունեցած տվյալներով, 68-70 հազար տոննա բանջարեղեն և միրգ է արտահանվել ՌԴ, որից 10 հազարը միայն խաղող է եղել. «Հիմա ելնելով Թուրքիայից Ռուսաստան մթերքի ներմուծման արգելքից, կառավարությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի գյուղատնտեսությանը, քաղաքականություն մշակի, որպեսզի կարողանա իրացնել հայկական մթերքները ռուսական շուկայում»:
Նա նկատեց, որ արտաքին պարտքը շարունակ ծանրանում է և էական շտկումներ պետք է մտցնել, դա օրվա հրամայականն է:
ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ համաձայնեց, որ տարին արդյունավետ էր բայց չունենալով համապարփակ ծրագիր, չկարողացան մտնել այն շուկաները, որոնք մեզ նվեր են տրվում:
«Մեզ մոտ չկա շուկայական հարաբերություն, կամայական է ձևավորվում, այսօր մենք դարձել ենք ագրարային երկիր: Արտաքին պարտքը այդքան մեծացել է, ու՞ր են գնում այդ փողերը չեմ հասկանում, եթե ագրարային երկիր ենք, տվեք գյուղատնտեսությանը այդ փողերը, ոչինչ չի գնում գյուղատնտեսութան վրա»,-ասաց Խաչատրյանը:
Անդրադառնալով ջերմոցային տնտեսություններին՝ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահն ասաց, որ պետք է ավելացվի դրանց թիվը, որպեսզի կարողանանք ամբողջ տարին ռուսական շուկա պտուղ-բանջարեղեն արտահանել. «Ռուսական շուկան մեզ համար ավանդական շուկա պետք է դարձնենք, Ռուսաստանից վարկեր պետք է բերենք մեր երկիր»:
Նրա խոսքերով՝ արդյունաբերությունն և գյուղատնտեսությունը մեկ միասնական մեխանիզմով պետք է աշխատեն. «Սա պետք է կառավարության համար դառնա առանցքային քաղաքականություն: Գյուղատնտեսությունը զարգանում է այն երկրներում, որտեղ մեծ սուբսիդիաներ են տալիս: 24 տոկոսով գյուղացուն վարկ են տալիս, դրանով հնարավոր չի զարգանալ»: