Ժ.Սեֆիլյան. Ադրբեջանական բանակին ոչ թե համաչափ, այլ անհամաչափ պատասխան պետք է տրվի
«Այսօր տարածաշրջանը գտնվում է թոհուբոհի մեջ, հրդեհ է մեր շուրջ: Արդեն մեկ տարուց ավելի է, Ադրբեջանն օգտվելով այդ հանգամանքից, դիմել է մի մարտավարության, որի գլխավոր նպատակն է հյուծել, բարոյալքել, թուլացնել»,- Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած ասուլիսում ասաց «Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Ժ.Սեֆիլյանի խոսքով, պետք է ադրբեջանական բանակին ոչ թե համաչափ, այլ անհամաչափ պատասխան տրվի՝ արդյունքի հասնելու համար:
Խոսելով իրենց ճակատի անելիքների մասին, ասաց, որ իրենք, ի տարբերութուն 20-ամյա ավանդական ընդդիմության, չեն եզրափակելու իրենց հանրահավաքները՝ հայտարարելով, թե ամեն ինչ արել են, ժողովուրդը չեկավ:
«Մենք այդպես չենք վարվելու, մեղքը մեր ժողովրդի վրա չենք գցելու: Եթե այսօր պետք եկած չափով չի հաջողվում մոբիլիզացիա իրականացնել, նշանակում է մեր մարտավարությունում սխալներ կան, ուղղումներ են պետք: Համոզված եմ՝ օր առաջ անելու ենք այդ ուղղումները, իսկ վերջում գտնելու ենք մոբիլիզացիայի բանալին: Մենք երբեք չենք դադարեցնելու մեր պայքարը, հնարավոր է ընդմիջումներ լինեն»,- ասաց Ժ. Սեֆիլյանը:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» փրկության ճակատը դեկտեմբերի 12-ից սկսած ամեն օր հրապարակում անցկացնում է ասուլիս, ճեպազրույց, քննարկում, իսկ դեկտեմբերի 16-ից սկսած այցելելու են տարբեր մարզեր:
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Չուգասզյան. Հայաստանը միջազգային նոր իրավիճակի մեջ է հայտնվել
- Րաֆֆի Հովհաննիսյան. Հաղթանակը գալու է, միայն թվականը չգիտենք