Ազգային ժողովում, կառավարությունում պետք է տեղական արտադրության համակարգիչներ դրված լինեն. Արծվիկ Մինասյան
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողովում «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ այդ փոփոխությունները դրական են, սակայն այս նախագծի հիմնավորման մեջ առնվազն պետք է լիներ այն, թե որքանո՞վ է սա խթանելու առևտուրը:
«Բացի ձևական իրավական հավասար պայմանների ապահովումից, շատ սկզբունքային նշանակություն ունի, թե այս նախագիծը նպաստելո՞ւ է Հայաստանի տնտեսության զարգացմանը, թե՞ ոչ: Եվ եթե այդ համատեքստում ենք նայում, ապա տեսնում ենք, որ սա ընդհանուր քաղաքականության մի փոքրիկ բաղադրիչ է, բայց, ցավոք, ես չլսեցի այդ մոտեցումները: Ցավոք, որովհետև մենք իրականացնում ենք ազատ տնտեսական գոտիների քաղաքականություն և ցավալիորեն այդ ուղղությամբ առաջընթաց դեռևս չունենք»,- ընդգծեց Ա.Մինասյանը:
Օրինակ, ըստ նրա, ՀՀ-ում կա ձեռնարկություն, որն արտադրում է պլանշետներ, համակարգիչներ, մինչդեռ տեղական արտադրության համակարգիչները առաջին հերթին պետք է տեղադրված լինեին թե ԱԺ-ում, թե կառավարությունում, թե նախարարություններում: «Այստեղ առաջին հերթին տեղական արտադրության համակարգիչները պետք է դրված լինեին: Անկախ նրանից՝ ինչ մոտեցում է կիրառվում ներմուծման համար, գոնե մեր տեղական արտադրության մասով պետք է խթանող քաղաքականություն իրականացնենք: Մինչդեռ ազատ տնտեսական գոտում ստեղծված ձեռնարկությունը՝ «Արմթաբ»-ը, տարբեր խոչընդոտների պատճառով ոչ միայն չի կարողանում արտահանում կազմակերպել, այլ նաև սահմանափակված է նրա մուտքը հայկական շուկա: Ասում են՝ պետք է ԱԱՀ վճարես, որից հետո միայն կարողանաս իրացնել: Գոնե քվոտա տվեք, որ տեղական արտադրությունը մտնի շուկա, թե չէ ինչ ձևով կարող ենք տեղական արտադրությունը զարգացնել»,- ասաց Ա.Մինասյանը և հավելեց. «Եթե մենք ինքներս, պետական այրեր, մեր առջև դրված համակարգիչները տեղական արտադրության չեն, մենք ո՞ նց պետք է ցույց տանք, որ դրսի կազմակերպություն, այս կազմակերպության ապրանքների նկատմամբ պահանջարկ ներկայացնի: Սա ամենահստակ և կարճ ճանապարհն է, որ կարող ենք իրականացնել»:
Նա դրական համարեց այն, որ կառավարությունը նախաձեռնեց և ընդունեց օրենք, որի շրջանակներում գումարի վերադարձի սխեմա իրականացվեց այն ապրանքների մասով, որոնք Հայաստանում գնում են, և գնորդը պետք է տաներ դուրս. «Բայց սա թղթի վրա մնաց, քանի որ բազմաթիվ ահազանգերը ցույց են տալիս՝ համակարգը արդյունավետ չի աշխատում»:
Ա.Մինասյանի խոսքերով՝ շատ կարևոր է, որ էկոնոմիկայի նախարարությունը տնտեսական զարգացման, այդ թվում՝ առևտրի քաղաքականության ոլորտով զբաղվող կառույցը նախաձեռնի այս ամենը:
«Ընդհանուր առևտրի քաղաքականության ոլորտում պետք է ներկայացվի հայեցակարգը, թե ինչպես ենք մենք խթանում հայկական ապրանքների առևտուրը: Ես հասկանում եմ, որ բյուջետային առումով կարող են որոշակի խնդիրներ առաջանալ, երբ ներմուծման ԱԱՀ-ն գալիս է բյուջե, բայց դա էկոնոմիկայի նախարարության խնդիրը չպետք է լինի: Նախարարության խնդիրը պետք է լինի Հայաստանի տնտեսության զարգացման խթանելը, այդ թվում՝ առևտուրը»,- ընդգծեց Ա.Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեզ համար էլ է անընդունելի, որ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում օգտվել ԵՏՄ երկրների «Դյութիֆրի»-ներից. փոխնախարար
- Երկաթուղային կայանների տարածքում գործող խանութները կազատվե՞ն ԱԱՀ-ից. պարզաբանում է փոխնախարարը
- Հայաստանում անմաքս առևտրի գոտու ռեժիմից կօգտվեն նաև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերը