Գարեգին Չուգասզյան. Հայաստանը միջազգային նոր իրավիճակի մեջ է հայտնվել
«Նախօրեին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավերացրեց հանրաքվեի արդյունքները, դրանով, փաստորեն Հայաստանը մտավ նոր փուլ»,- Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած ասուլիսում ասաց «Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» փրկության ճակատը դեկտեմբերի 12-ից սկսած ամեն օր հրապարակում անցկացնում է ասուլիս, ճեպազրույց, քննարկում, իսկ դեկտեմբերի 16-ից սկսած այցելելու են տարբեր մարզեր:
Նա հայտնեց, որ այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեպաանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ. «Խոսքը գնում է այն մասին, որ իրենք շարունակում են հետևել հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակին: Միջազգային կառույցներն, ի դեմս ԱՄՆ-ի դեսպանատան, պնդում են, որ գործընթացներն ավարտված չեն: Այն պահանջները, որոնք դրված են ԱՄՆ դեսպանատան կողմից, խոսում են այն մասին, որ Հայաստանը միջազգային նոր իրավիճակի մեջ է հայտնվել: Սա նախ և առաջ մեր ժողովրդի պայքարի արդյունք է»:
Ըստ Գ. Չուգասզյանի, ընդդիմության այլ բևեռ գոյություն ունի, որը ձևավորվել է հանրաքվեի նախապատրաստման ընթացքում, իր աշխատանքը շարունակելու է առաջիկա շաբաթներին, իսկ գրպանային ընդդիմությունները, որոնք առաջիկայում սկսելու են ակտիվ գործունեություն ծավալեն, պետք է խամրեն այդ բևեռի առջև: