ԱԳ նախկին փոխնախարար. Թուրքիան պատերազմի չի գնա, քանի որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն նրան չեն քաջալերի
Ռուս-թուրքական լարված հարաբերություններում պատերազմական գործողություններ չեն լինի, սակայն հարաբերությունների վատացումը լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանի վրա: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Բացի տնտեսական ազդեցությունից, կիրառվող պատժամիջոցներից, Ռուսաստանը որպես քաղաքական հետևանքներ կօգտագործի այնպիսի մի գործոն, ինչպիսին քրդական հարցն է, որը շատ սրված է»,-ասաց Նավասարդյանը:
Նա նկատեց, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրումը լավ չի ազդում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, սակայն լայնամասշտաբ գործողություններ չեն լինի, ադրբեջանցիները կարմիր գիծը չեն անցնի:
Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն էլ նշեց, որ Թուրքիան չվարանեց փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները. «Նա չգնահատեց այն ինչ որ կար, քանի որ իր առջև բացվում էր նոր հեռանկար»:
Քաղաքագետի խոսքերով՝ լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց փոքր կոնֆլիկներ կլինեն. «Գալիս է այնպիսի իրավիճակ, որ մեծ պետություններն ասում են, որ թող իրենք որոշեն այս կոնֆլիկտը, սակայն այդպիսի դիրքորոշում Արևմուտքը ցույց չէր տալիս ՌԴ-Ուկրաինա կոնֆլիկիտի ժամանակ»:
ԱԳ նախկին փոխնախարարն էլ նշեց, որ Թուրքիան պատերազմի չի գնա, քանի որ, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն նրան չեն քաջալերի: Իսկ Ադրբեջանը վատ իրավիճակում է հայնվել, նա ոչ մի քայլ չի անի առանց ԱՄՆ, Թուրքիա թույլտվության, սակայն մի կողմից էլ չգիտի ինչպես լավացնել հարաբերությունները ՌԴ հետ:
Նախկին փոխնախարարն ասաց, որ այս իրադարձությունները մի կողմից էլ ունեն ուսուցողական բնույթ, Ռուսաստանը կարողացավ ցույց տալ, թե իրենից ինչ է ներկայացնում Թուրքիան, սակայն պետք չէ շատ ոգևորվել, այլ պետք է սթափ դատել:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում կլինի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում և դա ինչ կտա՝ Նավասարդյանն ասաց. «Հանդիպումը նախագահների բացարձակապես ոչնինչ չի տալու խնդրի լուծման հարցում, միգուցե լինի միայն ծանր հրազենի հետ քաշում»:
Շուշան Խաթլամաջյանն էլ կարծիք հայտնեց, որ նախագահների հանդիպում լինելու դեպքում իրավիճակը չի փոխվի դեպի լավը: