Հայաստանում անմաքս առևտրի գոտու ռեժիմից կօգտվեն նաև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերը
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկման դրվեց «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է Հայաստանում անմաքս առևտրի գոտու ռեժիմից օգտվեն ոչ միայն օդանավակայանի տարածքում գործող առևտրի կետերը, այլ նաև ցամաքային անցակետերում գործողները:
Մասնավորապես, ըստ նրա, օրենքի ընդունումից հետո Հայաստանի ցամաքային անցակետերում՝ Մեղրիում, Բավրայում և Բագրատաշենում, հնարավորություն է ընձեռնվելու, որ գործող անմաքս առևտրի կետերը ազատված լինեն ավելացված արժեքի հարկից:
«Նմանատիպ պահանջ ներկայացվել է մասնավոր հատվածից և միջազգային փորձը ուսումնասիրելով կառավարությունը մշակել է այս նախաձեռնությունը, որով հնարավորություն կստեղծվի, որ այս ծառայությունն իրականացվի նաև ցամաքային անցակետերում»,- ընդգծեց Գ. Մելքոնյանը:
Փոխնախարարն ասաց նաև, որ այս պահին Հայաստանում կա ցամաքային անցակետ, որտեղ գործում է անմաքս առևտրի կետ, սակայն ի տարբերություն օդանավակայանների, այդ կետն ազատված չէ ավելացված արժեքի հարկից:
«Այս փոփոխությամբ մենք այդ հնարավորությունը տալիս ենք նաև ցամաքային անցակետերին: Այսինքն, բոլոր անցակետերը ազատվում են ավելացված արժեքի հարկից»,- նշեց Գ. Մելքոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան