Երկաթուղային կայանների տարածքում գործող խանութները կազատվե՞ն ԱԱՀ-ից. պարզաբանում է փոխնախարարը
Ազգային ժողովում այսօր «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց, թե արդյոք երկաթուղային կայանների տարածքում գործող խանութները կազատվե՞ն ԱԱՀ-ից:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է Հայաստանում անմաքս առևտրի գոտու ռեժիմից օգտվեն ոչ միայն օդանավակայանի տարածքում գործող առևտրի կետերը, այլ նաև ցամաքային անցակետերում գործողները: Մասնավորապես, ըստ նրա, օրենքի ընդունումից հետո Հայաստանի ցամաքային անցակետերում՝ Մեղրիում, Բավրայում և Բագրատաշենում, հնարավորություն է ընձեռնվելու, որ գործող անմաքս առևտրի կետերը ազատված լինեն ավելացված արժեքի հարկից:
ՀՀ էկոնոմիկայի փոխանախարար Գարեգին Մելքոնյանն ասաց, որ միջազգային փորձն ոււսումնասիրելով՝ տեսել են, որ սովորաբար երկրները չեն տարբերակում, թե անմաքս առևտրի կետերը գործում են օդանավակայանում, թե ցամաքային տարածքներում:
«Բայց անմաքս առևտրի ռեժիմն ունի իր կարգավորման դաշտը, կան որոշակի պահանջներ, որոնք պետք է ընկերությունները բավարարեն, միայն համապատասխան պահանջները բավարարելու դեպքում կստանան նման ռեժիմային դաշտում գործելու համար: Սրանով հնարավորություն կլինի ցամաքային անցակետերում, նաև եթե ապացուցվի, որ ուղևորը օգտվելով այդ խանութից՝ ինքը մեկնում է ՀՀ տարածքից և գնումը կատարում է այն չափաքանակների սահմաններում, որը նախատեսված է այդ կարգավորումով, հետևաբար կտարածվի բոլոր այն կետերի վրա, որոնք կարգավորումներով նախատեսվում են»,- ընդգծեց Գ.Մելքոնյանը:
Այսպիսով, ըստ փոխնախարարի, տեսականորեն այս փոփոխությունը կարող է տարածվել նաև ավտոկայարանների տարածքում գործող առևտրի կետերի վրա, եթե դիմողը բավարարի անմաքս առևտրի համար նախատեսված ռեժիմային պայմաններին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան