ԱՄՆ դեսպանությունը նոր հայտարարություն է տարածել սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ
ԱՄՆ դեսպանությունը երկրորդ անգամ հայտարարություն է տարածել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին: Նշվում է, որ ԱՄՆ դեսպանությունը շարունակում է հետևել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին:
Այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ավելի վաղ դեսպանությունը լուրջ մտահոգություն էր հայտնել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին, որոնց վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ էին հնչեցվում ոչ-կուսակցական դիտորդների ու Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից: Հայաստանում ամերիկյան դեսպանատունը ողջունում է ՀՀ կառավարության պաշտոնյաների հրապարակային հանձնառությունը հնչեցված արժանահավատ հաղորդումներով լիարժեք քննություններ ապահովելու վերաբերյալ:
«Մենք վերահաստատում ենք, որ խախտումների համար պատասխանատուների նկատմամբ քննություններն ու դատական կարգով հետապնդումները պետք է լինեն թափանցիկ ու հրապարակային, որպեսզի ՀՀ ժողովրդի մոտ լինի վստահություն ընտրական գործընթացի անաչառության վերաբերյալ: Լիարժեք ու թափանցիկ քննությունները և դրանց արդյունքների մասին հրապարակումները, նույնիսկ եթե այդ քննությունների արդյունքով քրեական գործեր չեն հարուցվում, կարող են օգնել Ընտրական հանձնաժողովին, Ազգային ժողովին և քաղաքացիական հասարակությանը վերհանել ընթացիկ ընտրական գործընթացների այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս:
Առաջիկայի հետ կապված՝ մենք վերահաստատում ենք մեր կոչը ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկներին համահունչ նոր ընտրական օրենսգիրք ընդունելու մասին և հորդորում ենք նոր օրենսդրական բարեփոխումներն իրականացնել համաձայն միջազգային ստանդարտների՝ մեծացնելու ընտրական գործընթացների անաչառությունը Հայաստանում»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ: