Պերմյակովի դատը լուսաբանելու համար լրագրողների հավատարմագրում անհրաժեշտ չէ. Դատական դեպարտամենտ
Դեկտեմբերի 18-ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարության ժամանակ լրագրողների հավատարմագրում անհրաժեշտ չէ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը: Հիշեցնենք` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանի որոշմամբ Պերմյակովի դատավարությունն ընթանալու է արտագնա, Ռուսական ռազմաբազայի տարածքում:
«Կան մի քանի հստակեցումներ լրատվամիջոցների հետ կապված, պետք է ուղղակի ճշտենք, թե որ լրատվամիջոցներն են ուղիղ եթեր ապահովում, իսկ որոնք ուղղակի տեսանկարահանելու համար: Այլ պարտադիր կանոններ չեն գործելու լրատվամիջոցների համար, նրանց ելումուտն ազատ է», -հայտնեց Վարդապետյանը:
Նրա խոսքով, մոնիտորներ չեն տեղադրվելու, և լրագրողները կարող են անմիջականորեն հետևել դատական նիստի ընթացքին: Դատական դեպարտամենտի պաշտոնյան նաև տեղեկացրեց, որ լրագրողները անհրաժեշտ է, որ իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ:
Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը, որն էլ հենց վարելու է Պերմյակովի գործով դատավարությունը, որոշել էր նիստն անցկացնել արտագնա, Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայում:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը ավելի վաղ իր հերթին խոստացել էր, որ Պերմյակովի դատավարության ժամանակ լրագրողների համար հարմար պայմաններ ստեղծվելու են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան