Արվեստագետ. Անտեսելով դժվար ու դաժան պահերը՝ մեր գեղանկարիչները ստեղծագործում են
«Գեղանկարչությունը, գրականությունն այսօր կողքից չի նայվում, չի ընկալվում, երևի կան ավելի լուրջ հարցեր: Ամեն մեկն իր արվեստանոցում աշխատում է, կյանքը կանգ չի առնում, ամեն մեկն ինքնուրույն հարթում է իր արահետը, անցնում ճանապարհը, որքան էլ դաժան ու դժվար լինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը:
Նա նշեց, որ բոլոր առումներով նկարիչը մնում է նկարիչ, կատարում իր գործը. «Եթե ծնվել է այդպիսին, պետք է աշխատի, եթե չաշխատի, ուրիշ ոչինչ չի կարող անել: Իսկական արվեստագետներն անում են իրենց գործը, ստեղծագործում են: Անտեսելով դժվար ու դաժան պահերը՝ նրանք ստեղծագործում են: Հստակորեն կարող ենք ասել, որ ունենք բարձր արվեստ: Հայաստանի նկարչությունը շատ բարձր է, այլ երկրներում ընկալելի, հասկանալի է, անգամ զարմացած են մեր արվեստով»:
Գեղանկարչի խոսքով, այսօր ով գումար չունի, ցուցահանդես չի կարողանում կազմակերպել: Ըստ արվեստագետի, Նկարիչների միությունում, որը պետության կողմից ֆինանսավորում չունի, հաճախակի են կազմակերպվում ցուցահանդեսներ, բայց նվազել է բարձր արվեստը:
Հ. Թադևոսյանը վերջին անհատական ցուցահանդեսն ունեցել է ԱՄՆ-ում:
«Բավականին հաջողված էր: Առաջին անգամ էի ցուցադրվելու ԱՄՆ-ում: Մտավախություն ունեի, թե ինչպես կընկալվի: Այսօր արդեն երկրորդ ցուցասրահում է ներկայացված իմ վաթսուն աշխատանքը: Առաջիկայում նաև երրորդ գալիրեայում կբացվի: Այսինքն պահանջարկը կա: Ցուցասրահների տնօրեններն են նայում աշխատանքները և որոշում՝ կարելի է ցուցադրել, թե ոչ»,- պատմեց արվեստագետը:
Նա նշեց, որ իր 80-ամյակի առթիվ հնարավոր է Հայաստանում մեծ ցուցահանդես կազմակերպվի:
Հրանտ Թադևոսյանը (Թաթոս) (1938 թ., Արթիկ) 1961-1965 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետում։
Հայաստանի նկարիչների միության, Արվեստի միջազգային ընկերության և նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ), ԱՄՆ Տեխաս նահանգի Պոմպեո Կոպինիի Գեղարվեստի ակադեմիայի անդամ է։ 2008 թվականից դասավանդում է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում, նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր է։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (5 ցուցահանդես), Վանաձորում, Մոսկվայում, Բուենոս Այրեսում, Մարսելում, Կարլսրուեում (Գերմանիա), Բանբերգում, Քոբուրգում, Մյունխենում, Փարիզում, Ժնևում, Լիոնում, Տուրում, Լոս Անջելեսում (2014):
«Գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի կտավները, լինի բնանկար, նատյուրմորտ, բոլորն էլ հայկական արմատներ ունեն, շատ խորը և ինձ շատ հարազատ արմատներ։ Հրանտ Թադևոսյանը եզակի բնանկարիչ է, մեծ արվեստագետ։ Ես անսահման հպարտ եմ, որ նա կա համաշխարհային գեղանկարչության պատմության մեջ։ Ես անսահման հպարտ եմ, որ նա իմ ընկերն ու ցեղակիցն է»,- ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան