Սարգիս Գրիգորյան. Ադրբեջանի ներգրավվածությունը ոչինչ չի տալու հակաահաբեկչական կոալիցիային
«Էր-Ռիադի կողմից հայտարարված հակաահաբեկչական իսլամական կոալիցիան չունի առարկայական պայքարի թիրախներ, հետևաբար հիշյալ հայտարարությունը քարոզչական նպատակ է հետապնդում»,- անդրադառնալով Սաուդյան Արաբիայի կողմից հակաահաբեկչական կոալիցիայի ձևավորմանը և վերջինիս կազմում Ադրբեջանի հնարավոր ներգրավվածությունը`«Panorama.am»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ Սաուդյան Արաբիան և հայտարարված կոալիցիայի մաս կազմող մի շարք երկրներ (օրինակ՝ Թուրքիան, կամ Պարսից ծոցի որոշ միապետություններ) չեն կարող արդյունավետ պայքարել մղել Սիրիայում, Իրաքում և մուսուլմանական աշխարհի այլ հատվածներում իրենց կողմից օժանդակություն ստացող ահաբեկչական կառույցների դեմ:
«Ավելին, հակաահաբեկչական իսլամական կոալիցիա ստեղծելու մասին հայտարարությունն եղավ այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սիրիական հիմնախնդրի վերաբերյալ կազմակերպվել էր համաժողով սիրիական ընդդիմադիր դաշտը ներկայացնող մոտ 60 խմբավորումների մասնակցությամբ: Սաուդյան Արաբիայի կողմից հիշյալ համաժողովին ներկա գտնվելու հրավեր էր ուղարկվել սիրիական հակամարտության մեջ ներգրավված այնպիսի կառույցի, ինչպիսին օրինակ «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ն է («Ջաբհաթ ալ-Նուսրա»-ն հանդիսանում է «ալ-Կաիդա»-ի ճյուղավորումը Սիրիայում և մի շարք երկրների կողմից որակվում է՝ ահաբեկչական):
Հիշյալ իրողությունը խիստ կասկածի տակ է դնում ստեղծված հակաահաբեկչական կոալիցիայի կողմից հայտարարված նպատակները: Սա ավելի շուտ Էր-Ռիադի կողմից արված քայլ է՝ ի ցույց դնելու Սաուդյան Արաբիայի և վերջինիս կողմից ղեկավարվող կոալիցիայի պատրաստակամությունը՝ իբր պայքարել ահաբեկչական վտանգի դեմ, սակայն, իրականում՝ պատկերն այլ է: Հակաահաբեկչական իսլամական կոալիցիայի ձևավորումը եղել է շատ շտապ, մեկ-երկու օրվա մեջ, և պարզ է, որ այն Սաուդյան Արաբիայի նախաձեռնությունն է եղել, որը փորձելու է համակարգել ձևավորված հակաահաբեկչական կոալիցիոն ուժերի գործողությունները»,- նշեց Ս. Գրիգորյանը՝ հավելելով, որ կոալիցիայի կազմում ներգրավված երկրները թվով 34-ն են, որոնցից իրական ռազմական հնարավորություններ, առավել ևս հակաահաբեկչական պայքարի քիչ թե շատ փորձ ունեն միայն Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Թուրքիան և Եգիպտոսը:
«Կոալիցիոն ուժերի պայքարի արեալը բավական լայն է: Հայտարարվում է, որ այն ընդգրկում է Իրաքը, Սիրիան, Լիբիան, Եգիպտոսը և Աֆղանստանը: Եթե հաշվի առնենք, որ պատմության ընթացքում իսլամական երկրների համատեղ ռազմական գործողությունների հաջողված փորձ գրեթե չունենք, և դրան ավելացնենք նաև այն, որ Եմենում երկար ժամանակ է արդեն Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիոն զինուժը պայքարում է հութիների (իսլամի շիա-զայդիական ուղղության հետևորդների) դեմ և մեծ հաջողությունների չի հասել (բացառությամբ Ադենի գրավման), ապա հիշյալ կոալիցիայի հակաահաբեկչական պայքարը նույնպես մեծ հաջողություններ չի արձանագրելու:
Ինչ վերաբերում է ստեղծված հակաահաբեկչական կոալիցիային Ադրբեջանի հնարավոր ներգրավվածությանը, ապա Բաքուն չունի (ինչպես նաև մի շարք այլ երկրներ, որոնք արդեն մտած են այդ կոալիցիայի մեջ) հակաահաբեկչական լայնածավալ պայքարի փորձ և հնարավորություններ: Ուստի Ադրբեջանի ներգրավվածությունը ոչինչ չի տալու կոալիցիային»,-եզրափակեց Ս. Գրիգորյանը: