Լիազորություններ կառավարությանը՝ զինանշանի օգտագործման պահանջները սահմանելու համար
Ազգային ժողովում այսօր քննարկման դրվեց ՀՀ կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ զինանշանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ասաց, որ օրենքի նպատակն է ՀՀ կառավարությանը տալ լիազորություններ՝ սահմանելու համար պետական զինանշանի գործածության դեպքերում օգտագործման ընդհանուր տեխնիկական պահանջները, մասնավորապես, գունային երանգները, տարածական և գրաֆիկական տեսքը, չափերը, համամասնությունները և այլն:
«Քաղաքացիների համար պետական խորհրդանշանների նկատմամբ մոտեցումը ինչ-որ առումով կարելի է համարել ցուցիչ, թե որքանով են նրանք հարգում իրենց պետականությունը, որքանով են իրենց համարում երկրի քաղաքացիներ և այլն: Այս առումով կարելի է ասել, որ խորհրդանշանները հավերժական խտացված ճշմարտություններ են, որոնք սերնդեսերունդ փոխանցում են որոշակի տեղեկություններ, ինչպես նաև պարունակում են արժեքներ»,- ասաց Ա.Պողոսյանը:
Փոխնախարարի խոսքերով՝ այսօր զինանշանի պետական ստանդարտ, որպես այդպիսին, գոյություն չունի: Ըստ նրա՝ տպագրության ոլորտում, հեռուստաեթերում, համացանցում, պաշտոնական ձևաթղթերում, կնիքներում, վկայականներում, պաշտոնական հանդիպումների ժամանակ, ինչպես նաև պետական ծառայողների համազգեստների վրա հաճախ օգտագործվում է մեր զինանշանը, որն ունենում է տարբեր գունային գամաններ, հաճախ էլ՝ ոչ ներկայանալի տեսք: «Այդ առումով, 2011թ-ին համապատասխան հանձնաժողովը էկոնոմիկայի նախարարությանն առաջարկեց մշակել պետական զինանշանի ազգային ստանդարտներ: Այդպիսի ստանդարտներ արդեն մշակվել են, սակայն այն չի կարող համընդհանուր կիրառման առարկա դառնալ, քանի որ օրենքով սահմանված կարգով Կառավարությունը չունի այդ պետական ստանդարտը հաստատելու լիազորությունները: Այսպիսով, առաջարկում ենք՝ կառավարությունը հաստատի զինանշանի տեխնիկական պայմանները»,- նշեց փոխնախարարը:
Նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ տարբեր երկրներում, ինչպես նաև Հայաստանում շենքերի, առանձնատների վրա դրոշներ են փակցնում: «Արդյոք հայկական պետական խորհրդանիշների փակցնելու կարգը կանոնակարգվելո՞ւ է այս նախագծով»,- հետաքրքրվեց Մ. Մելքումյանը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ օրենքը սահմանում է, թե պետական զինանշանը որ դեպքերում, որ արարողակարգերի ժամանակ պետք է կիրառել, բացի դրանից՝ օրենքը սահմանում է, որ կառավարությանը տալիս է լիազորություն, որպեսզի այդ միջոցառումներում խորհրդանիշների կիրառման կարգ սահմանի:
Ինչ վերաբերում է հուշանվերների վրա պետական խորհրդանիշերի օգտագործմանը, փոխնախարարը նշեց, որ կան հատուկ պայմաններ, որոնց ժամանակ թույլատրվում են պետական խորհրդանիշերը օգտագործել հուշանվերների վրա, սակայն խնդիրն այն է, որպեսզի բոլոր արտադրողները կիրառեն միմիայն պետական ստանդարտներին համապատասխան խորհրդանիշներ:
Նա նաև նշեց, որ խրախուսելի է, և օրենքը չի սահմանափակում մեր պետական խորհրդանիշների կիրառումը քաղաքացիների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան