ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար. Հայաստանը նորից հեծանիվ հորինելու կարիք չունի
«Կոռուպցիան ամենակարևոր ռազմավարական, համակարգային, կառուցվածքային խոչընդոտներից է Հայաստանի զարգացման համար: Վստահ եմ, որ եթե Հայաստանը կոռուպցիայի դեմ արդյունավատ չպայքարի, չի կարողանա դինամիկ զարգանալ: Ես սա ասում եմ՝ ելնելով այլ երկրների փորձից, իմ դիտարկումներից»,-«Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավները» աշխատաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նա ընդգծեց, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին օգնել կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Ըստ դեսպանի, ԵՄ-ի, ԵՄ պատվիրակության համար կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանին օգնելը բնական առաջնահերթություն է:
Պյոտր Սվիտալսկին կոռուպցիայի դեմ պայքարում կարևորեց քաղհասարակության դերը, որը ոչ միայն ուղղակի կառավարության վրա պետք է ճնշում գործադրի, մոնիտորինգ իրականացնի, այլ ոգևորի, հանրային կարծիքը մոբիլիզացնի:
«Առանց հասարակական կարծիքի մոբիլիզացիայի դժվար կլինի բավարար արդյունքներ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասաց նա:
Միաժամանակ նշեց, որ արդարադատության նախարարից, փոխնախարարից լսած բոլոր հայտարարությունները ոգևորովում են իրեն, կարևոր ազդակներ են. «Հույս ունեմ այդ ազդակները խոսում են այն մասին, որ մենք հասնում ենք շրջադարձային կետի: Հայաստանը միտված է կատարել որոշիչ քայլեր»:
Ըստ նրա, Հայաստանն ունի լավ փաստաթղթեր, ռազմավարություն, գործողությունների ծրագիր, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և անհրաժեշտ է ցույց տալ, որ այդ կառույցները, փաստաթղթերը բերում են արդյունքներ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին անկախ հակակոռուպցիոն մարմնի ձևավորմանը, բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի գործունեությանը:
«Հայաստանը կարիք չունի նորից հեծանիվ հորինելու: Կան բազմաթիվ մոդելներ, որոնք կարելի է ուսումնասիրել: Կան շատ լավ փորձեր: Եթե ինչ-ինչ պատճառներով չեք ուզում կրկնօրինակել Վրաստանին, այլ օրինակներ փնտրեք: Կարող եք Լեհաստանի, Ռումինիայի փորձն ուսումնասիրել: Նայեք ինչ կա, ընտրեք այն լուծումը, որը լավագույնն է Հայաստանի համար: Ժամանակ մի վատնեք, երկար ժամանակ մի ծախսեք ուսումնասիրությունների վրա: Կառավարությունը, խորհրդարանն ինչ էլ որոշեն, պրակտիկ իրականացումը կլինի դրա հաջողության գրավականը: Ինչպես Լեհաստանի օրինակը ցույց տվեց, չեք կարող միանգամից բոլոր թույլ և ուժեղ կողմերը, մարտահրավերները որոշել, կանխատեսել: Պետք է սկսել աշխատանքը: Եթե կառավարությունը, քաղհասարակությունը որոշի դա անել, կարող եք վստահ լինել, որ Եվրամիությունը ձեզ կաջակցի»,- ասաց դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավները» աշխատաժողովը կազմակերպվել էր «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն՝ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Եվրոպական միության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ, ՀՀ արդարադատության նախարարության, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ գործընկերությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան