Սուրեն Քրմոյան. Պետք է ձևավորել համատեղ անհանդուրժողականություն կոռուպցիոն երևույթների նկատմամբ
Այս տարին արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարում համարում է առանցքային: «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավները» աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
«Այս տարի ձևավորել ենք ինստիտուցիոնալ նոր համակարգ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդ, գործընկերների հետ համագործակցությամբ ընդունել ենք նոր ռազմավարությունը, որը հավանության է արժանացել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի, կառավորության կողմից, ձևավորել ենք կառավարություն-քաղաքացիական հասարակություն համապատասխան համագործակցության պլատֆորմ, որը թույլ է տալիս կոռուպցիայի դեմ պայքարի գործողություններում ակտիվ համագործակցել քաղհասարակության հետ»,- ասաց նա:
Ըստ Ս.Քրմոյանի, ներկայումս լավ պայմաններ են ստեղծվել կոռուպցիայի դեմ պայքարում առավել արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար, քանի որ կա համագործակացության պլատֆորմ, նաև՝ վերջին տարիներին հասարակությունը նույնպես հասկացել է կոռուպցիայի վտանգավորությունը:
«Մեր ամբողջ ռազմավարության հիմնական թիրախներից մեկն այն է, որ ձևավորենք համատեղ անհանդուրժողականություն կոռուպցիոն երևույթների նկատմամբ»,- ասաց արդարադատության փոխնախարարը:
Նա նաև նշեց, որ այս տարի առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվել են բիզնեսին. «Կոռուպցիան առաջին հերթին վնասում է տնտեսությանը, ձեռներեցներին, գործրարներին: Մենք տեսանք, որ գործարարների կողմից էլ կա պահանջարկ, պատրաստակամություն պայքարել կոռուպցիոն երևույթների դեմ»:
Սուրեն Քրմոյանի խոսքով, պետության կողմից մշակվում են ծրագրեր, բայց այդ ծրագրերի պահանջատերը հասարակությունն է:
«Մեր քաղաքացիները պետք է պահանջատեր լինեն, մասնակից լինեն պայքարին»,- ընդգծեց փոխնախարարը:
Նշենք, որ աշխատաժողովը կազմակերպվել էր «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն՝ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Եվրոպական միության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ, ՀՀ արդարադատության նախարարության, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ գործընկերությամբ: